Բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի մոտ. ցուցարարները հանդիպում են պահանջում քաղաքապետի հետ

12:38 • 16.05.18

18:30

Երևանի քաղաքապետարանի դիմաց, ի տարբերություն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների,  շարունակում են մնալ Տարոն Մարգարյանին աջակցող քաղաքացիները: Ակցիայի մասնակիցներից մեկը, ով ներկայացավ որպես  Արցախյան պատերազմի, Ապրիլյան պատերազմի մասնակից, կոչ արեց թողնել Տարոն Մարգարյանին, որպեսզի նա աշխատի:

«Ես կոչ եմ անում, որ պարոն Մարգարյանին` աշխատող քաղաքապետին՝ ստեղծող, արարող մարդուն, թողնենք, որ աշխատի: Նա ունի բազում ազգօգուտ ծրագրեր. որ այդ ծրագրերը իրականություն դառնան, մենք պետք է լինենք թև ու թիկունք այն մարդուն, ով ազգային արժեքների ակունքներում է գտնվում: Տարոն Մարգարյանը միշտ ժողովրդի կողքին է և հիմա էլ է ժողովրդի կողքին, ինքը ժողովրդի ծոցից ելած մարդ է և ազգային արժեք կրող մարդ է, օրն ու բուն աշխատում է, մենք բոլորս տուն ենք գնում, ինքը մինչև ժամը 1-2-ը աշխատում է»,- ասաց նա:

17:11

Երևանի քաղաքապետարանի դիմաց շարունակվում է ակցիան։ Քաղաքապետարանի մոտ են մնացել այն քաղաքացիները, ովքեր սատարում են Տարոն Մարգարյանին: 

«Դու ուզում ես աշխատող մարդու կողքը կանգնել, նեցո՛ւկ եղիր Տարոն Մարգարյանին: Սիրելի՛ երևանցի, դու ուզում ես 24  ժամ աշխատելու ընդունակություն ունեցող մարդու կողքը կանգնել , որը նվիրված է իր ժողովրդին, կանգնի՛ր նրա կողքին»,-ասաց ցուցարարներից մեկը:

Ցուցարարները նաև կոչ էին հնչեցնում, ասելով՝ «Տարոն  Մարգարյանը մեր քաղաքապետն է», «Տարոն Վարչապետ», «Տարոն համարձակ»:

Տարոն Մարգարյանի հրաժարական պահանջող ցուցարարները երթով շարժվեցին գլխավոր դատախազության մոտ` հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու համար:


16:16

Ալեն Սիմոնյանը հարցրեց քաղաքացիներին, թե ով է եկել իրենց խմբակցության ընդունելությանը,  բոլորը ձեռք բարձրացրին ու հերթով ներս մտան:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ փորձ է արվում իրավիճակը լարել և դա արվում է Տարոն Մարգարյանի և իր աշխատակիցների կողմից: «Փորձ է արվում ոչ թե իրավիճակը շտկել, այլ լարել»,-ասաց նա:

16:02

Նորմալ քաղաքական իրողություն է, երբ քաղաքական թիմը հեռանում է, նա ամբողջությամբ է հեռանում: Այս մասին Azatutyun.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:

«Միանշանակ, Տարոն Մարգարյանը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հեռանան, որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ, իրավիճակից ելնելով և իրենց արածների համար»,-ասաց նա:

Նա վստահեցրեց, որ ծառերի հատումից իրենք տեղյակ չեն եղել: «Բարեկարգում բառն է եղել նախագծում, բայց այդ բառի տակ արվել է այն, ինչ արվել է: Մենք չենք իմացել դրա մասին, դրա մասին, վստահ եմ, չի իմացել «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները»,-ասաց նա:

Նա նշեց, որ կապ չունի, թե քանի ծառ է հատվել, թեկուզ եթե մի ծառ է հատվել այդ մի ծառը գուցե վերջին կաթիլն էր:




15:45

«Ելք» խմբակցությունից Ալեն Սիմոնյանը կոչ արեց քաղաքապետարանի աշխատակիցներին գնալ աշխատասենյակներ: Իրավաբանության վարչության պետին կոչ արեցին գնալ աշխատասենյակ, որ լարվածություն չառաջանա, վերջինս պատասխանեց, թե անհնար է աշխատել:

«Մի՛ աշխատեք, ավելորդ լարվածությունից խուսափելու համար գնացե՛ք աշխատասենյակ: Դուք այստեղ եկել եք սադրելու համար»,-ասաց Ալեն Սիմոյնանը, երբ աշխատակիցը հրաժարվեց գնալ աշխատասենյակ:

 
15:30

Երևանի քաղաքապետարանի ներսում բազմաթիվ ցուցարարներ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընդունարան տանող միջանցքի մոտ են կանգնել և պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը: Նրանք հայտարարում են, որ սպասելու են այնքան ժամանակ, մինչև Տարոն Մարգարյանը հեռանա:

Քաղաքապետարանի ներսում իրականացվող ակցիային զուգահեռ՝ Երևանի քաղաքապետարանի շենքի դիմացի հատվածում քաղաքացիներ մեկ այլ խումբ է հավաքվել՝ ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի: Նրանց ձեռքերում պաստառներ կան, որոնց վրա գրված է՝ «Մեր քաղաքապետը Տարոնն է»:

15:28

Երևանի քաղաքապետարանի շենք ներխուժմամբ պայմանավորված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։ 

Ոստիկանապետը հայտնել է, որ բացատրական աշխատանքներ են տարվում դեպքի առնչությամբ ցուցարարների հետ։




14:11


Երևանի քաղաքապետարան մտած քաղաքացիներին մոտեցավ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը և ցուցարարներին հորդորեց հավաքվել դահլիճում և զրուցել, որտեղ կարող է լինել նաև Տարոն Մարգարյանը:

Կամո Արեյանը նշեց, որ առաջարկում է հստակեցնել հարցադրումները. «Որևէ մեկն անտարբեր չէ, ի պաշտոնե կոչված ենք ծառայել ձեզ ու մեր  ժողովրդին:
Եթե  քաղաքացին պահանջ ունի, ապա եկեք, հանգիստ պայմաններում տվեք ձեր հարցերը, իսկ քաղաքապետը կպատասխանի ձեր բոլոր հարցերին»,- ասաց Կամո Արեյանը:

Սակայն բողոքի ակցիայի մասնակիցները հրաժարվեցին և նշեցին, որ իրենք նախասրահում կսպասեն քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Ի վերջո, ցուցարարներն ասացին, որ  իրենք պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը և ավագանու արձակումը: Ի պատասխան  ցուցարարների՝ Դավիթ Օհանյանն ասաց, թե  իրենց օրակարգում հրաժարականի հարց չկա:





13։48

Երևանի քաղաքապետարան մուտք գործած ցուցարարների հետ հանդիպման իջավ քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արթուր Գևորգյանը:

Ի վերջո, հրմշտոց սկսվեց ցուցարարների և քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցների միջև:

Մոտեցավ փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը և Տարոն Մարգարյանի հետ հանդիպում պահանջող ցուցարարներին հորդորեց գնալ Բնապահպանության վարչության պետի մոտ, որը, ըստ նրա, կփարատի ցուցարարների մտավախությունները:

13:44


Ցուցարարներին մոտեցավ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը, ով շեշտեց, թե այգին «Վարդանյաններ ընտանիք» բարեգործական հիմնադրամի միջոցով բարեկարգվում է: Նա չհերքեց, որ աշխատանքների շրջանակում ծառեր են հատվել:


«Ճիշտ եք նկատել, որ ծառեր են հատվել, հիմնականում ուռենի և թեղի ծառատեսակներ, որոնք տարիքը 50 տարեկանից բարձր է: Քաղաքային միջավայրում թեղիները 50 տարուց ավել չեն դիմանում, մինչև սեպտեմբերի 1-ն այգին կհանձնվի Երևան քաղաքին: 25-ից ավել ծառ է հատվել՝ թեղի, լացող ուռենի»,- ասաց նա:


Ավետ Մարտիրոսյանի խոսքով՝ այգին բարեկարգողները դենդրոնախագիծ են ներկայացրել, ավելին՝ նախկինում առկա ծառերից 4 անգամ ավելի շատ ծառեր են տնկվելու: Ըստ նրա՝ եթե առողջ ծառեր էլ հատվել են, ապա զուտ շատրվան կառուցելու համար, բայց վստահեցրեց, որ ծառեր տնկվելու են:


Տեղում էր նաև քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Նա վստահեցրեց, որ կառուցողը չի քանդել այգին, այլ կառուցում է և հորդորեց տեսնել վերջնական տեսքը: Ցուցարարների դիտարկմանը, որ իրենք տեսել են և, ըստ նրանց, անճաշակ է, Օհանյանը պատասխանեց. «Ճաշակը տարբեր է և չեք կարող ձերը պարտադրել: Այգու նախագիծը, որը ներկայացվել է, քննարկել է, քաղաքապետը տեղյակ է: Վստահաբար ասում եմ, որ այս այգին լինելու է երևանցիների ամենասիրելի վայրը, իսկ ծառերը հատելու հիմքում կա մասնագիտական եզրակացություն, փոխարենը ծառեր տնկվելու են»:


Բողոքի ակցիայի մասնակիցներին պաշտոնյաների պարզաբանումները չգոհացրին, և նրանք կտրված ծառերը տարան քաղաքապետարանի դիմաց՝ ցույց տալու, որ հատված ծառերն իրականում չորացած չեն: Նրանք ծառի կտրված ճյուղերը թողեցին քաղաքապետարանի դիմաց և մտան քաղաքապատերանի շենք ու հանդիպում պահանջեցին Տարոն Մարգարյանի հետ՝ նշելով, որ  քաղաքապետն իրենց աշխատողն է և վճարվում է քաղաքացիների հարկերից:




13:37


Քիչ առաջ մի խումբ քաղաքացիներ, պատռելով շրջափակող պաստառները, մտել են Երևանի Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու տարածք, որտեղ շինարարություն է ընթանում:

Ցուցարարներն այս պահին դանակներով, այլ գործիքներով պատռում են շինհրապարակը շրջափակող պաստառները: Իսկ  մեկ այլ հատվածից էլ, որը փայտով ցանկապատված էր, մի քանի փայտեր են հանվել և որոշ քաղաքացիներ բացված անցքից են ներս մտել:

Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արթուր Գևորգյանն ասել էր, որ Երևանի Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգում հատվել են չոր, ծերացած ծառերը, որոնց փոխարեն քառակի անգամ ավելի ծառեր են տնկվելու:

«Մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավել քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն»,– ասել էր նա:

Նշենք, որ համացանցում օգտատերերն ակտիվ տարածում են Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու վերևից արված լուսանկարը, որտեղ երևում է, որ այգու ծառերը գրեթե ամբողջությամբ հատված են:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը  տեղեկացրել էր, որ   բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավել քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն և որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից բարեկարգելու առաջարկին, որը կնվիրվի Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին:





Բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի մոտ. ցուցարարները հանդիպում են պահանջում քաղաքապետի հետ