Ինձ մտահոգում է, երբ ԿԳ նախարարն իր աշխատասենյակից զբաղվում է կուսակցական գործունեությամբ. Արմեն Աշոտյան
Շատ է խոսվում սիրո և համերաշխության մթնոլորտի մասին: Հիշեցնեմ, որ վերջին իշխանափոխության ակտիվներից մեկը կապվում է սահմանադրականության հետ: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ որոշ հոդվածների առնչությամբ խնդիրներ կան: «Ինձ համար մտահոգիչ է, երբ երկրի գործադիր իշխանության ղեկավարը լրատվական միջոցներով հայտնում է, որ երբ հորդորի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարներին հրաժարական տալ, նրանք պետք է հրաժարական տան: Ինձ մտահոգում է, երբ ԿԳ նախարարը իր աշխատասենյակից զբաղվում է կուսակցական գործունեությամբ՝ հորդորելով մարդկանց դուրս գալ քաղաքական ուժից: Նրանք, ովքեր դարձել են ՀՀԿ անդամ, գիտեն, թե ինչպես դուրս գալ կուսակցությունից, եթե նման ցանկություն ունեն»,- նշեց նա:
Արմեն Աշոտյանն ասաց, որ հաջորդ մտահոգությունը բազմակարծության հետ կապված անհանդուրժողականությունն է:
«Այս մտահոգությունը կիսում են հարյուրավոր օգտատերեր, ովքեր հանդգնում են քննադատական խոսք ասել նոր իշխանությունների նկատմամբ: Սահմանադրականության խնդիր է, երբ երկրի վարչապետը հորդորում է պաշտպանության նախկին նախարարին հրապարակավ կարծիք չարտահայտել սոցիալական ցանցերում»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Խոսելով «ազգ-բանակ» կոնցեպտի մասին, նա ասաց, որ այն որևէ մեկի սեփականությունը չէ, որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չէ:
«Անվտանգային լիարժեք համակարգ է պետք»,- ասաց նա:
Վերջում Աշոտյանն ասաց. «Ուզում եմ խնդրել բոլոր նրանց, ովքեր կենթարկվեն քաղաքական հայացքների համար խտրականության, դիմեն ինձ»:










