«Հայաստանը փոքր, քրիստոնյա երկիր է՝ շրջապատված հիմնականում ոչ քրիստոնյա հարևաններով». CNN-ի «Էնթոնի Բուրդեն. անծանոթ վայրեր» հաղորդումը՝ Հայաստանի մասին (տեսանյութ)
Ամերիկյան CNN հեռուստաալիքի «Էնթոնի Բուրդեն. անծանոթ վայրեր» հաղորդաշարի մայիսի 20-ի թողարկումը նվիրված է եղել Հայաստանին: Հեռուստաընկերության հայտնի հաղորդավար, շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը հաղորդման շրջանակում այցելել է Հայաստան ու ներկայացրել երկրի խոհանոցը, մշակույթն ու պատմությունը:
Նրան հաղորդման ընթացքում ուղեկցել է հանրահայտ System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը:
Ռեպորտաժը հաղորդավարը սկսել է՝ ցույց տալով «Վոլգա» մակնիշի մեքենայի ղեկին գտնվող Սերժ Թանկյանին, և նշել է, որ նա բազմաթիվ հայերից մեկն է, ով Հայաստանում չի ծնվել: Բուրդենի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, Հայաստանի մասին մտածելիս մարդիկ մտաբերում են որևէ հայի, որին նրանք ճանաչում են կամ տեսել են հեռուստատեսությամբ: Հեղինակը, օրինակ, հիշեցնում է հանրահայտ Քարդաշյան քույրերին:
Նա նշում է, որ Հայաստանը հասկանալու համար նրան մեկ հայ էր հարկավոր, ով կուղեկցեր իրեն ճանապարհորդության ընթացքում և ում միջոցով նա կկարողանար կառուցել պատմությունը և տեսնել երկիրը, և նրան այդ հարցում օգնել է Սերժ Թանկյանը:
«Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, որտեղ ապրում է շուրջ 1 միլիոն մարդ, իսկ հեռվում խոյացող Արարատը մշտապես հիշեցնում է այն մասին, թե ինչ է տեղի ունեցել դրա հակառակ կողմում»,- ասում է Բուրդենը:
Նա նշում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները և այդ երկրի հետ կապված հայ ժողովրդի սարսափելի պատմությունն առանցքային տեղ են զբաղեցնում հայկական ինքնության հարցում: «Հայաստանը փոքր, քրիստոնյա երկիր է՝ շրջապատված հիմնականում ոչ քրիստոնյա հարևաններով՝ Ադրբեջան, Իրան, Թուրքիա»,- ասում է նա:
Հաղորդավարը Սերժ Թանկյանի հետ այցելում է Երևանի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկը և հայկական խոհանոցին ծանոթանում: Սերժ Թանկյանն այդ ընթացքում պատմում է իր ընտանիքի և կյանքի մասին՝ որպես հայկական սփյուռքի ներկայացուցիչ, և նշում, թե ինչպես է ժամանել Հայաստան ու ինչ տպավորություններ է ստացել երկրից:
«Հիշում եմ, երբ առաջին անգամ Հայաստանից հետո վերադարձա Լոս Անջելես, իմ մոտ զգացողություն էր՝ ինչո՞ւ եմ ես հետ եկել: Զարմանալի զգացողություն էր, կարծես արյունդ կապված էր հողին»,- խոստովանել է Սերժ Թանկյանը:
Բուրդենն այնուհետև Կասկադում հանդիպել է քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի հետ, ում հետ խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Նա պատմել է, որ բազմաթիվ հայեր, որոնք ողջ մնացին ցեղասպանության ժամանակ, սփռվեցին աշխարհով մեկ՝ ստեղծելով իրենց համայնքները, որոնք մինչ այժմ շարունակում են գոյություն ունենալ: «Նրանք երբեք չեն մոռացել իրենց անցյալը, ինչպես նաև այն, թե ով և ինչն էր ստիպել նրանց հեռանալ հայրենիքից»,- ասում է հեղինակը:
Բուրդենը նաև այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և զրուցել կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ, որը պատմել է կենտրոնի մասին, ինչպես նաև, թե ինչպես է իր ընտանիքի հետ որոշել վերադառնալ Հայաստան:
Հաղորդավարը ռեպորտաժում անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ հայկական դպրոցներում շախմատ են ուսուցանում, և նշել է, որ Հայաստանը դեռ խորհրդային տարիներին եղել է Կովկասում ուրույն «Սիլիկոնյան հովիտ» և այժմ էլ շարունակում է առաջատար լինել IT տեխնոլոգիաների ոլորտում:
Բուրդենը նաև իր շրջագայության ընթացքում այցելել է Արցախ, որտեղ համտեսել է ժինգյալով հաց, ինչպես նաև ավանդական խորոված:
«Այստեղ այցելությունը շարունակում է զգայուն թեմա մնալ հատկապես ադրբեջանցիների համար: Պարզապես այստեղ գալով՝ ես, ինչպես մի քանի օր անց կարդացի թերթերում, պաշտոնապես անցանկալի անձ եմ ճանաչվել Ադրբեջանում»,- պատմել է նա:
Բուրդենը նաև հյուրընկալվել է Գյումրիում և Դիլիջանում, որտեղ տեղացիների և ընկերների հետ համտեսել է տեղական խոհանոցի ուտեստներ և սովորել, թե ինչպես պետք է խաշ ուտել:
Ռեպորտաժում նա ներկայացրել է նաև լավաշի ավանդական պատրաստման գործընթացը՝ նշելով, որ այն փոխանցվում է սերնդեսերունդ, ինչպես նաև ճաշելով տեղացիների հետ՝ տարբեր ուտեստներ համտեսել, ինչպես, օրինակ, ղափաման, և ծանոթացել դրանց պատրաստման առանձնահատկություններին:










