Տարոն Մարգարյանը դիմել է ԿԸՀ՝ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու պահանջով

11:57 • 24.05.18

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր առավոտյան Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ առաջարկելով «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին զրկել ավագանու մանդատից:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ արձանագրության մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 16-ի «Ազգային ժողովի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 4 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին» N 6 արձանագրությունը՝ դադարեցնել «Ելք» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի  ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանված կարգով նիստ կգումարի, և այս հարցը ևս կընդգրկվի օրակարգում: Այս պահին չեմ կարող ասել՝ երբ կլինի նիստը»,- Tert.am-ին հայտնեց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:

Մոտ մեկ շաբաթ առաջ Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացած «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին հայտարարել էր պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին և դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին։ 

«Ասեմ ձեզ, որ արել եմ այս քայլը հանուն Երևանի, հանուն այն աղավաղված շենքերի, որոնք մենք ունենք, հանուն այն անօրինական ձևակերպում ստացած մանկապարտեզների, նկուղների, հանուն այն հատված ծառերի, հանուն այն բանի, որ Երևանի քաղաքապետարանում և ընդհանրապես որևիցե տեղ պետք է տեղի չունենա կանանց նկատմամբ բռնությունը, հանուն լավ, մաքուր, հանուն սիրուն, ազատ Երևանի, որը մենք բոլորս շատ ենք սիրում»,- հայտարարել էր Ալեն Սիմոնյանը: 


Տարոն Մարգարյանը դիմել է ԿԸՀ՝ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու պահանջով