Տարոն Մարգարյանի սուբյեկտիվ ցանկությունը չէ, այլ պարտավորությունն է. փաստաբանը՝ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու մասին
Պատգամավորի մանդատը ստանձնելու ժամանակ, պետք է հաշվի առնվեր, որ բացի Սահմանադրությամբ նախատեսված աշխատանքից, այլ աշխատանք չէր կարող կատարել: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Սեյրան Գրիգորյանը՝ նկատելով, որ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում որպես պատգամավոր երդվել է, այնուհետև մի քանի օրից դիմել ԱԺ նախագահին՝ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմումով և ավագանու անդամ մնալու ցանկությանը: Փաստաբանը շեշտեց՝ այս պահին էլ Ալեն Սիմոնյանը շարունակում է լինել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր:
«Ինքն այս պահի դրությամբ, Սահմանադրության դրույթներից ելնելով, շարունակում է պատգամավոր լինել, նրա պատգամավորությունը չի դադարել: Սահմանադրությունը հստակ ընթացակարգ է նախատեսնում, որով դադարում է որևէ պատգամավորի պատգամավորական իրավասությունը: Եթե չեմ սխալվում, ապա հենց երեկ նա ԱԺ նիստին մասնակցում էր ու հարցեր ուղղում գլխավոր դատախազին: Սահմանադրությունն ուղիղ է ասում, որ բացի գիտական աշխատանքից այլ աշխատանք պատգամավորն իրավունք չունի անել, քանի որ այն համատեղելի չէ ԱԺ պատգամավորի կարգավիճակի հետ: Համատեղելի է միայն գիտական աշխատանքը, դասախոսական կամ ստեղծագործական աշխատանք, այլ աշխատանք Սահմանադրությունն ուղիղ է արգելում է»,- բացատրեց Գրիգորյանը:
Վերջինս չի կարծում, թե Ալեն Սիմոնյանը Սահմանադրության պահանջին ծանոթ չէր, քանի որ Սիմոնյան էլ իրավաբան է: Փաստաբանը շեշտեց՝ ԱԺ նախագահին պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին դիմումով պատգամավորի լիազորությունները չեն դադարեցվում:
«ԱԺ պատգամավորի լիազորությունները հստակ սահմանված են, թե որ դեպքում են դադարում, դիմելը չի նշանակում, որ դադարել է: Գիտեք՝ նույն ԱԺ-ում քանի հոգի դիմեցին, հետո հետ վերցրեցին դիմումները, չէ՞ որ այս ընթացակարգն էլ Սահմանադրությամբ նախատեսված է: Այսօրվա դրությամբ Ալեն Սիմոնյանը դեռևս ԱԺ պատգամավոր է հանդիսանում, ընդամենը դիմումը չի կարող հանդիսանալ, որ նրան զրկեն մանդատից կամ դադարի նրա պատգամավորական լիազորությունները»,- շարունակեց փաստաբանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե Ալեն Սիմոնյանը նման քայլեր ձեռնարկելով իրավական տեսանկյունից ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ, հաշվի առնելով, որ նա ակնարկել է իր՝ քաղաքապետ դառնալու ցանկության մասին, Սեյրան Գրիգորյանն ասաց, թե հարցին ավելի գլոբալ կմոտենա:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առանց բացառության բոլորը պետք է լինեն իրավական դաշտում, և կապ չունի մարդու ստատուսը կամ քաղաքական ուժի պատկանելիությունը: Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայտարարությունն իրավարար է, նա օրենքի դրույթներն է հասցրել հասարակության, այդ դեպքում ի՞նչ հիմքով Ալեն Սիմոնյանը պետք է իրավունքի դաշտից դուրս մնա: Բոլորն էլ պետք է գործեն իրավական դաշտում, չէ՞ որ մարդը հայտարարեց, որ Բաղրամյան 26-ից իրավական համակարգին ու դատարաններին ցուցումներ չի լինելու, ինչը բոլորը ողջունեցին, այդ թվում նաև ես ՝որպես իրավաբան: Եթե հիմա նա կուսակցին թույլ տա օրենքից դուրս քայլեր անել, ապա անթույատրելի է: Նույն Ալեն Սիմոնյանին, եթե այս իրավիճակը ներկայացնեն այլ անձի մասով, ի՞նչ է ինքն ասելու է, որ պատգամավորի գործունեությունը դադարած է»,- ընդգծեց Գրիգորյանը:
Հարցի՝ որքանո՞վ է իրավական Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պատասխանն այս գործընթացներին, Սեյրան Մինասյանը պատասխանեց, թե Տարոն Մարգարյանն ընդամենը կատարել է օրենքի պահանջը:
«Դա Տարոն Մարգարյանի սուբյեկտիվ ցանկությունը չէ, այլ պարտավորությունն է, այսինքն՝ կա իրավունք ու պարտականություն: Այս պարագայում իրավունքից բխել է նրա պարտականությունը, հիմա, եթե չկատարեր իր պարտականությունն, ապա ես՝ որպես իրավաբան, չէի հասկանա, թե ինչու չի կատարում»,- նշեց փաստաբանը:
Սեյրան Գրիգորյանի խոսքով՝ ավագանու մանդատը վերականգնել օրենքը թույլ չի տալիս, իսկ ԿԸՀ-ն այս պահին իրավասու է միայն արձանագրել իրավական վիճակը և վերջ:
Նշենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր առավոտյան Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ առաջարկելով «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին զրկել ավագանու մանդատից:
Հիշեցնենք նաև, որ Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացած Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին հայտարարել էր պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին և դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին։










