Քուվեյթում կին հաղորդավարուհուն հեռացրել են աշխատանքից՝ գործընկերոջն ուղիղ եթերում «գեղեցիկ» անվանելու համար (տեսանյութ)

23:57 • 28.05.18

Քուվեյթի տեղեկատվության նախարարությունը վերջերս հեռացրել է լուրերի կին մեկնաբանին, որն իր գործընկերոջը կատակով «գեղեցիկ» է անվանել ուղիղ եթերում:

Ինչպես հաղորդում է Oddity Central-ը, Բասիմա ալ-Շամարը հանգստյան օրերին մայրաքաղաք Քուվեյթում անցկացված քաղաքապետի ընտրությունները լուսաբանելիս սխալ է թույլ տվել ուղիղ եթերում՝ կատակով հաճոյախոսություն անելով տղամարդ թղթակցին:

Համացանցում հրապարակված տեսանյութում, ըստ աղբյուրի, հնչում է, թե ինչպես է Ալ-Շամարը թղթակցին ասում, որ նա «գեղեցիկ» է: Մինչ հաղորդավարուհու այդ խոսքը, թղթակիցը դեռ չէր հասցրել նկատել, որ արդեն ուղիղ եթերում է, և ուղղում էր գլխի հարդարանքը:

Արաբական երկրում հաղորդավարուհու սովորական կատակը դիտվել է որպես սիրախաղ կնոջ կողմից:

Հաղորդավարուհին ավելի ուշ հանդես է եկել բացատրությամբ՝ մեկնաբանելով, որ «այդպես ընդունված է ասել, երբ տեսնում ես, որ դիմացինը ուղղում է իր հանդերձանքը»: Սակայն մեկնաբանությունից հետո էլ երկրի նախարարությունը հեռացրել է նրան և հետաքննություն սկսել՝ պարզելու, թե արդյոք նա սիրաբանում էր, թե ոչ: