Իտալիան ժամանակավոր վարչապետ ունի

15:06 • 28.05.18

Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ներկայացուցիչ Կառլո Կոտարելիին երկրի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել, որպեսզի վերջինս նոր կառավարություն ձևավորի, կարգուկանոն հաստատի քաղաքական դաշտում ու Իտալիան դուրս բերի սահմանադրական խառնաշփոթից:

Ինչպես նշում է dailystar.com.lb կայքը, եվրոգոտու երրորդ խոշորագույն տնտեսությունը մարտին կայացած ընտրություններից հետո չի կարողանում նոր կառավարություն ձևավորել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալիայի վարչապետի պաշտոնակատար Ջուզեպպե Կոնտեն հրաժարվել է գլխավորել երկրի կոալիցիոն կառավարությունը՝ հայտարարելով, որ նման պայմաններում չի կարող նոր կառավարություն ձևավորել: ԶԼՄ-ների տվյալներով՝ դա տեղի է ունեցել հանրապետության նախագահ Սերջո Մատարելայի հետ Կոնտեի կոնֆլիկտի պատճառով: