Լեհաստանը պատրաստ է մինչև 2 մլրդ դոլար վճարել մշտական ամերիկյան ռազմաբազա ունենալու համար

13:58 • 28.05.18

Վարշավան պատրաստ է մինչև 2 մլրդ դոլար վճարել Լեհաստանի տարածքում մշտական ամերիկյան ռազմաբազայի ստեղծման համար, ինչի մասին ասվում է երկրի պաշտպանության նախարարության փաստաթղթերում:

«Այս առաջարկն ուրվագծում է Լեհաստանում ԱՄՆ-ի ռազմական դիվիզիայի մշտական տեղակայման ակնհայտ անհրաժեշտությունը»,-ասվում է փաստաթղթում: Դրանում նաև նշվում է, որ երկիրը պատրաստ է 1.5-2 մլրդ դոլարի ֆինանսական աջակցություն տրամադրել ռազմակայանի ստեղծմանը, գրում է ria.ru-ն։

Այլ կերպ ասած՝ Լեհաստանը պատրաստ է կիսել պաշտպանական ծախսերի բեռն ու որոշումն ԱՄՆ-ի կառավարության համար ավելի շահութաբեր դարձնել:

Բացի այդ, փաստաթղթերում տեղեկություն կա ռազմական օբյեկտների, հոսպիտալների, ինչպես նաև անձնակազմի ու նրանց ընտանիքների համար դպրոցների, մարզադահլիճների գտնվելու հավանական վայրի վերաբերյալ:

Աղբյուրը հավելում է, որ տվյալ առաջարկն արդեն ուղղվել է Սպիտակ տանն ու ԱՄՆ Կոնգրեսին:

Ավելի վաղ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել էր, որ Եվրոպայում ամերիկյան  զորքերի ներկայությունը Վարշավայի վարած անվտանգության քաղաքականության հիմքն է: Մինչդեռ Մոսկվան իր անհանգստությունն է հայտնել այս առնչությամբ: