Պաղեստինցի զինյալները Գազայի հատվածից հրթիռակոծել են Իսրայելի տարածքը. Իսրայելի բանակ
Պաղեստինցի զինյալները Գազայի հատվածից հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ, դրանց մի մասը վնասազերծվել է հակահրթիռային համակարգերի կողմից, գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի բանակի մամուլի ծառայությանը:
Տուժածների կամ նյութական վնասների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։
«Հրթիռները արձակվել են Գազայի հատվածից և ուղղված են եղել Իսրայելի տարածքում գտնվող մի քանի շրջանի»,-ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Իսրայելցի զինվորականները հստակ չեն նշում արձակված հրթիռային արկերի քանակը։ Սակայն Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Յոնաթան Կոնրիկուսը Twitter-ի իր էջում նշել է, որ խոսքը գնում է «բազմաթիվ» հրթիռային հարվածների մասին։
Իսրայելական մամուլը նշում է, որ սա ամենամասշտաբային հրթիռակոծումն է 2014 թվականի ամառվանից ի վեր։
Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ իսրայելական տանկերը կրակ են բացել պաղեստինցի զինյալների դիքերի ուղղությամբ, թեև բանակային աղբյուրները չեն հաստատել պատասխան գործողությունների մասին տեղեկությունները։










