Մասիսի քաղաքապետին ու մյուսներին մեղադրանք է առաջադրվել, նույն գործով որպես կասկածյալ ձերբակալվել է ևս երկու անձ
Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս.Սահակյանին, 1995 թ. ծնված Գ.Համբարձումյանին, 1988 թ. ծնված Գ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ 7 անձ ունի դատավարական կարգավիճակ, բացի մայիսի 31-ին ձերբակալված հինգ անձից ձերբակալվել է ևս երկու քաղաքացի, որից մեկը Նոր Արեշի բնակիչ:
«Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին 2-րդ մասերով՝ անկարգությունները կազմակերպելու և մասնակցելու համար: Մյուս 4 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար: Երկու անձ կասկածյալ է»,-ասաց Սոնա Տռուզյանը:
Նա նաև նշեց, որ 85 անձի վերաբերյալ խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել։
Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 225-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որը պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը: Պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով, եթե այդ արարքները կատարելն ինքնին չի առաջացնում սույն օրենսգրքի այլ հոդվածներով ավելի խիստ պատասխանատվություն:










