Վրաստանում իշխանությունները խոստանում են դեռահասի մահվան գործով նոր հետաքննություն, իսկ ցուցարարները՝ է՛լ ավելի զանգվածային բողոքի ցույց (լուսանկարներ)
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է Թբիլիսիում բողոքի ցույցերի պատճառ դարձած դեռահասի սպանության գործով նոր, թափանցիկ հետաքննություն սկսելու մասին։ Դա տեղի է ունեցել նախորդ հետաքննության պատճառով սկսված բողոքի ակցիաների պատճառով, որը հանգեցրել է երկրի գլխավոր դատախազի հրաժարականին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վաղվանից ՆԳՆ կվերադարձվի գործի քննությունը, և փոխվարչապետը (ՆԳՆ ղեկավարը) կղեկավարի հետաքննության ընթացքը: Ես, իհարկե, կցված կլինեմ և կվերահսկեմ այդ գործընթացը»,- ասել է վարչապետը լրագրողներին:
Կվիրիկաշվիլին հայտնել է նաև, որ խորհրդարանը մոտ ժամանակներս արտահերթ նիստի ժամանակ նույնպես կսկսի աշխատել այդ գործի ուղղությամբ և կհաստատի դեռահասի սպանության գործի հետաքննության հանձնաժողովի կազմը:
Ավելի վաղ Վրաստանի գլխավոր դատախազության շենքի մոտ հանրահավաք է անցկացվել, որից հետո գերատեսչության ղեկավար Իրակլի Շոթաձեն հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին:
Ինչպես նշվում է՝ բողոքի ցույցերի կազմակերպիչը 2017-ին Թբիլիսիում սպանված երկու դեռահասներից մեկի հայրն է՝ Զազա Սարալիձեն: Վերջինիս կարծիքով՝ դատախազությունն օբյեկտիվորեն չի հետաքննում այդ գործը և պաշտպանում է միջադեպի մասնակիցներից մեկին՝ գերատեսչության նախկին աշխատակցի որդուն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թբիլիսիի քաղաքային դատարանն արդարացրել է մեղադրյալներից մեկին, իսկ մյուսի նկատմամբ կանխամտածված սպանության մեղադրանքը փոխել կանխամտածված սպանության փորձի: Դատարանի այդ որոշումն էլ դարձել էր սպանված դպրոցականի հոր և մյուսների զայրույթի պատճառը:
Հինգշաբթի հանրահավաքներ են սկսվել Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ: Ցուցարարները պահանջել են «պատժել հետաքննության արդյունքների կեղծման համար բոլոր մեղավորներին» և կոչ են արել կառավարությանը հրաժարական տալ:
Գիշերն ակցիայի կազմակերպիչները խորհրդարանի առջևի հրապարակում վրաններ են տեղադրել: Ցուցարարները պատրաստվում են այսօր է՛լ ավելի մասշտաբային ակցիա անցկացնել խորհրդարանի շենքի մոտ:















