Պատժի կրումից հետո ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված Հովհաննես Պետրոսյանը

22:04 • 01.06.18

Ժիրայի Սեֆիլյանի և մյուսների գործով 2 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Հովհաննես Պետրոսյանն ազատ է արձակվել։

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից .«Լրացել է Հովհաննես Պետրոսյանի պատժի կրման ժամկետը և նա մայիսի 31-ին ազատ է արձակվել»

Հովհաննես Պետրոսյանը ցուցմունք էր տվել Սեֆիլյանի դեմ և դատարանը նրա նկատմամբ սահմանել էր ամենամեղմ պատժաչափը։

Առաջին ատյանի դատարանի կողմից Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ազատազրկման, Գևորգ Սաֆարյանը՝ 4, միասնական պատիժը՝ 5,5 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 4,6 տարի, Ներսես Պողոսյանը՝ 3,6 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3, Գալուստ Գրիգորյանը՝ 3.5 տարի, Հովհաննես Պետրոսյանը 2 տարի ժամկետով:

Հովհաննես Պետրոսյանը դատարանում հայտնել էր, որ Սեֆիլյանի հետ խոսել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով,պայմանավորվել է,որ ինքը զենք պետք է ունենա։

Նրա խոսքով՝ մի քանի անգամ հանդիպել է Սեֆիլյանի հետ, իսկ զենքերը նախատեսված են եղել իշխանափոխության և ժողովրդի դեմ ուժ կիրառելու համար։

Պետրոսյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար։

Նշենք,որ Սեֆիլյանն ու մյուսները վերաքննիչ բողոք են ներկայացրել և պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռն ու արդարացնել իրենց։

 

 

Պատժի կրումից հետո ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված Հովհաննես Պետրոսյանը