Մեկնարկել է «Իմ քայլը» ֆորումը, որի նպատակն է առաջարկներ ստանալ քաղաքացիներից ու դրանցից լավագույնները ներառել կառավարության ծրագրում (տեսանյութ)

12:36 • 02.06.18

Մեկնարկել է «Իմ քայլը» առաջին թեմատիկ ֆորումը՝ կազմակերպված վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից: Լրագրողների հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն ասաց, որ նման ֆորումներն ունենալու են շարունակական բնույթ:

«Համաժողովրդական շարժմանը մասնակցել են հազարավոր մարդիկ և կարծեցինք, որ ճիշտ կլինի, որ նոր Հայաստանի կերտմանն էլ մասնակցեն մարդիկ, ներկայացնեն իրենց առաջարկությունները, գաղափարները: Այսօր մենք հավաքվել ենք՝ քննարկելու գաղափարները»,- ասաց Լ. Նազարյանը:

Պատգամավորը նշեց, որ առաջին ֆորումի թեման սոցիալական հարցերն են՝ կենսաթոշակային ապահովություն, սոցիալական աջակցություն, հաշմանդամների, տարեցների, ընտանիքի, կանանց, երեխաների, աշխատանքի, զբաղվածության, Ժողովրդագրություն և այլն:

Նա նշեց, որ ապագայում անցկացվելու են նման մի քանի ֆորումներ այլ թեմաներով:

Իսկ հնչած առաջարկները, Լենա Նազարյանի փոխանցմամբ, դառնալու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիր կամ կառավարության ծրագիր:

«Նման հարթակներ շատ են ստեղծվում: Տարբեր ոլորտների մարդիկ գալիս են, մասնագետներ կամ պարզապես մտածող, երազող մարդիկ,ովքեր ասելիք ունեն, ներկայացնում են իրենց առաջարկները: Դրանք մշակվելու են, ներկայացվելու են կառավարությանը, և շատ հավանական է, որ կյանքի կոչվեն, որովհետև կառավարությունը բաց է, պատրաստ է նոր ծրագրերի իրականացման: Շատ հնարավոր է, որ լավագույնները ներառվեն կառավարության ծրագրում կամ մեր նախընտրական ծրագրում»,- նշեց Նազարյանը:


Մանրամասները՝ տեսանյութում: