Պատահական մտա «Քարֆուր» եւ տեսա այսպիսի վիճակ. ոչ մի թանկացում. Նիկոլ Փաշինյան (լուսանկար)

16:01 • 02.06.18

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որն արվել է «Քարֆուր» սուպերմարկետի մսամթերքի վաճառքի բաժնում:

«Պատահական մտա «Քարֆուր» եւ տեսա այսպիսի վիճակ. ոչ մի թանկացում»,-լուսանկարին կից գրել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել էր, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը խուսափել է խոշոր չափի հարկեր վճարելուց: «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում գործունեություն են ծավալել 461 ԱՁ-եր, դրանց մի մասը գրանցվել են առանց քաղաքացիների գիտության:

Այս գործողությունից հետո շատերը կանխատեսում էին, որ գյուղմթերքի մասով թանկացումներ կլինեն: Երեկվանից սուպերմարկետների մեծ մասում գյուղմթերքը՝ հատկապես մսամթերքը թանկացել է:

Հարցի առնչությամբ  վարչապետին էին դիմել մի շարք սուպերմարկետների ղեկավարներ՝ նշելով, որ խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը, այդ թվում գյուղմթերքի գների կայունությունը, հայտնվել է ռիսկի տակ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ երեկ անդրադառնալով թանկացումներին՝ կոչ էր արել բոյկոտել «թալանչիներին և կոռուպցիոներներին»:

«Նրանք ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը:

Բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներներներին»,-գրել էր Փաշինյանը: