Գյուղմթերքի 500 միլիոն դոլարի տարեկան շրջանառությունից ՀՀ պետական բյուջե էր մտնում 0 դրամ. Վահան Քերոբյան
Tert.am-ի հետ զրույցում գործարար Վահան Քերոբյանն անդրադառնում է գյուղմթերքի գնաճի մասին լուրերին ու սուպերմարկետների, իր գնահատմամբ, ճիշտ քաղաքականությանը՝ գյուղմթերքը վերջնական սպառողին հնարավորինս էժան հասցնելու նպատակով:
-Պարոն Քերոբյան, «Երևան սիթիի» խանութներում գյուղմթերքի գնաճի տեսքով եղավ արձագանքը ԱԱԾ-ի՝ կոռուպցիոն բացահայտումներին, ինչից հետո վարչապետը, կառավարության մի քանի անդամներ առաջարկեցին բոյկոտել իրենց ձևակերպմամբ՝ թալանչիների ու կոռուպցիոներների սուպերմարկետները: Մինչդեռ, որոշ տնտեսագետներ պնդում են, որ սա ճիշտ ճանապարհ չէ, ավելին, բերելու է գնաճի նոր ալիքի:
-Նախ, կցանկայի, որ բոլորը լավ հասկանային՝ ինչի մասին է խոսքը: Այսինքն՝ ինչ թվերի: Ասեմ, որ առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների շուկայի շրջանառությունը, այն ապրանքները, որոնք վաճառվում են նաև սուպերմարկետներում, Հայաստանում կազմում է տարեկան մոտ 3 մլրդ. դոլար: Դա Հայաստանում մանրածախ առևտրի տարեկան շրջանառությունն է, որի մեջ չի մտնում էլեկտրոնիկա, կահույք և այլ ապրանքներ: Սա ասում եմ, լինելով ինդուստրիայի մեջ եղած մարդ, եթե չասեմ՝ այդ ինդուստրիայի հիմնադիրներից: Ասեմ, որ այս շրջանառության մեջ գյուղմթերքը կազմում է շուրջ 20 տոկոս, այսինքն՝ 500 -600 միլիոն դոլար: Հիմա, ըստ օրենքի՝ գյուղթմերքը գյուղացին վաճառում է հաջորդ օղակին՝ առանց ԱՀՀ-ի, իսկ հաջորդ՝ օղակը կամ օղակները պետք է վերավաճառեն ԱԱՀ-ն ներառյալ, եթե իրենց շրջանառությունն անցնում է 115 մլն. դրամի շեմը: Գյուղմթերքի մատակարարման շղթան բազմաշերտ է: Գյուղացին իր մթերքը վաճառում է միջնորդ համար 1-ին, նա՝ միջնորդ համար 2-ին, որ գտնվում է գյուղմթերքի մեծածախ շուկայում, սա՝ միջնորդ համար 3-ին, որը այդ ապրանքը մատակարարում է սուպերմարկետներին և հետո սուպերմարկետն այն վաճառում է վերջնական սպառողին:
Զարգացած երկրներում սուպերմարկետներն ուղիղ աշխատում են գյուղացիների հետ: Ասեմ, որ մատակարարման նման բազմաշերտ շղթայում այն գինը, որով գյուղացին վաճառում է համար 1 միջնորդին, մոտավորապես կրկնակի ավելի էժան է, քան որով վաճառվում է ապրանքը սուպերմարկետներին: Այսինքն՝ եթե գյուղացին ինչ-որ մեկին կարտոֆիլը, ենթադրենք, վաճառում է 100 դրամով, ապա սուպերմարկետն այդ ապրանքը գնում է 200 դրամով: Ու այստեղ կա մեծ շանս՝ անելու այնպես, որ թե՛ գյուղացին, թե՛ սուպերմարկետն ավելի շատ փող աշխատեն, և նաև՝ սուպերմարկետը վճարի բոլոր հարկերը: Ուղղակի այս պարագայում սուպերմարկետները, կամ որևէ մասնագիտացված կազմակերպություն պետք է ներդրում անեն մատակարարման շղթան օպտիմալացնելու մեջ: Մինչև վերջերս ՀՀ պետական բյուջե այդ 500 միլիոն դոլարանոց շրջանառությունից մտնում էր ուղիղ 0 դրամ, որովհետև բացարձակ ոչ մի ընկերություն վերջին մի քանի տարվա մեջ գյուղմթերքի շրջանառություն ցույց չէր տալիս: Անձամբ իմ մեծ դժգոհությունը հայտնել եմ նախորդ իշխանությունների հետ շփումների ժամանակ, քանի որ անթույլատրելի է, որ այդքան մեծ շրջանառություն ունեցող շուկան ամբողջությամբ գտնվի ստվերում: Ու այդ ստվերի պատճառով է նաև, որ չեն գոյացել այնպիսի մասնագիտացված ընկերություններ, որոնք կարող էին էժան ինքնարժեքով գյուղմթերքը գյուղացուց հասցնել սուպերմարկետներ:
Հիմա, այս փոփոխություններն առաջին հայացքից թվում են խիստ վայրի, որովհետև անհավասար մրցակցության պայմաններ է առաջանում սուպերմարկետների և ոչ կազմակերպված առևտրային կետերի միջև՝ որոնք են շուկաները, փողոցային, կամ փողոցայինին մոտ գտնվող առևտրային կետերը, որոնց հարկային դաշտ բերելն ավելի դժվար է լինելու: Սրա համար են սուպերմարկետներն իրենց խիստ մեծ դժգոհություններն արտահայտում հիմա: Բայց, եթե սուպերմարկետների ցանցերը մի քիչ ավելի խելացի և երկարաժամկետ մտածեն, ապա հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի իրենք, օգտագործելով իրենց սպառման մեծ ծավալները, շատ արագ ստեղծեն սեփական արդյունավետ մատակարարման շղթան՝ գյուղացուց սկսված, և միևնույն է, ձեռքբերման շատ լավ գին ունենան նաև ԱԱՀ-ի վճարման պարագայում: Իհարկե, բարդ խնդիր է սուպերմարկետների համար, որովհետև մեծ աշխատանք պետք է անեն: Կոպիտ ասած՝ պետք է «ինվենտարիզացիա» անեն Հայաստանի բոլոր գյուղացիներին և նրանց կողմից տարվա ընթացքում արտադրվող բերքը կամ մսամթերքը, բայց նման տրամադրվածություն ունենալու դեպքում շատ արագ գյուղմթերքի շուկան Հայաստանում լրիվ նոր և ավելի լավ որակի կդառնա: Սուպերմարկետներում վաճառվող գյուղմթերքն էլ՝ անհամեմատ ավելի որակյալ: Որովհետև մարդիկ մասնագիտացված տրանսպորտի միջոցներով կաշխատեն գյուղացիների հետ, և այդ շղթայի մեջ կորուստները, հավելյալ միջնորդավճարները կվերանան: Սա է իմ կարծիքը:
-Այնուամենայնիվ, այս պահին թանկացումներն անխուսափելի՞ են, քանի դեռ նոր մեխանիզմ չի ստեղծվել:
-Այսպես ասեմ՝ սա շատ արագ կարելի է վերացնել, եթե, ենթադրենք, սուպերմարկետը սկսի աշխատել ոչ թե իր ստանդարտ մատակարարների հետ, որոնց հետ հիմա աշխատում է, այլ՝ գյուղացիների, կամ կոնկրետ՝ գյուղացիների հետ աշխատող կազմակերպությունների: Այս պարագայում, արդեն շատ հնարավոր է, որ առանց թանկացումների կարողանան աշխատել: Մսի դեպքում մի քիչ դժվար է, և հնարավոր է՝ 5-10 տոկոսանոց թանկացումներն անխուսափելի լինեն, գոնե հիմա, բայց այնտեղ էլ, եթե նայում ենք, արտադրությունը դեռևս գտնվում է շատ անարդյունավետ վիճակում: Այսինքն՝ չկա էժան ինքնարժեքով միս, բանջարեղեն ու միրգ արտադրող ֆերմաներ, որտեղ մեծ ակցենտ է դրված արդյունավետության վրա: Կարևոր է նոր տեխնոլոգիաների կիրառումը՝ թե՛ կաթիլային ոռոգումը, թե՛ արդյունավետ սորտեր ընտրելը և այլն: Բերեմ մեկ օրինակ. Հայաստանում միջին կովը օրական տալիս է 7 լիտր կաթ, իսկ Հոլանդիայում՝ 60 լիտր: Կամ՝ Հայաստանում մսատու կովի միջին քաշը 150 կիլոգրամ է, իսկ Գերմանիայում՝ 800: Նման բաների մասին եմ խոսում: Այսօր հարկային դաշտ մտնելը համարում եմ անհրաժեշտ քայլ, որպեսզի տնտեսությունը սկսի խորը մտածել արդյունավետության մասին: Դա հնարավոր է միայն այն պարագայում, երբ բոլորը ստվերից դուրս գան, որովհետև ստվերում գտնվելու պարագայում նման հարցեր ոչ մեկի առաջ չի ծառանում, ոչ մի լուրջ ընկերություն ներդրում անել չի ցանկանում:
-Հիշում եմ՝ ժամանակին Հրանտ Բագրատյանը խոսում էր սուպերմարկետների դեմ՝ ասելով,.որ նրանք անընդհատ գլուխ են գովում, որ ստեղծել են աշխատատեղեր և այլն, բայց դա արել են փոքր խանութների ու կրպակների հաշվին՝ մոտ 10 000 մարդու շուկայից հանելով: Հիմա արդյո՞ք այդ ժամանակներն են, որ այդ փոքրերը փորձեն վերականգնվել:
-Այստեղ, իհարկե, ես պաշտպանում եմ սուպերմարկետներին, և ավելին՝ կողմնակից եմ, որպեսզի հնարավորինս քիչ մարդ ընդգրկված լինի սննդի՝ արտադրողից սպառողին հասցնելու շղթայի մեջ: Այստեղ սուպերմարկետներն ունեն մեկ ֆունկցիա՝ հնարավորինս էժան առնել ապրանքները և հնարավորինս էժան վաճառել վերջնական սպառողին: Եվ սուպերմարկետները չունեն աշխատատեղեր ստեղծելու և ապրանքը թանկ վաճառելու երազանքներ: Սուպերմարկետներն աշխատում են նվազագույն շահույթով, դա կարող է լինի իրենց շրջանառության 1-3 տոկոսը, ոչ ավել: Ես խոսում եմ զուտ սուպերմարկետի մասին, չեմ խոսում մոնոպոլ ապրանքների ներմուծումից կամ պրոտեկցիոնիզմից առաջացած գերշահույթների մասին: Եվ եթե հանկարծ ստացվում է, որ այդ սուպերմարկետներից մեկն ավելի շատ է շահույթ ստանում, ապա սովորաբար, գներն իջեցնում են, որպեսզի շրջանառությունը շատանա, որովհետև շրջանառության ավելացումից սուպերմարկետներն ավելի շատ են փող աշխատում: Հիմա, կրկնում եմ, որ Հայաստանը պետք է փորձի հնարավորինս արդյունավետ տնտեսություն ունենալ, իսկ սպառման կազմակերպման իմաստով դա հնարավոր է միայն սուպերմարկետների միջոցով: Փոքր խանութները չեն կարող արդյունավետ լինել՝ չունենալով սպառման անհրաժեշտ ծավալներ: Ու այս դեպքում սոցիալական խնդրի վրա կենտրոնանալը սխալ է, որովհետև նրանից, որ սուպերմարկետն էժան է ապրանքը վաճառում, օգտվում են բոլորը: Իհարկե, պնդում եմ, որ սուպերմարկետները չպետք է հարկերից խուսափեն: Նաև կարծում եմ, որ որպես միջանկյալ քայլ հնարավոր էր, և դա առաջարկել եմ նաև նախորդ կառավարությանը, որ օգտագործվի ավելի ցածր ԱԱՀ-ի դրույքաչափ: Օրինակ՝ Բելառուսում տեղական գյուղմթերքի ԱԱՀ-ն 10 տոկոս է:










