Կիևում կողոպտել են «ՌԻԱ Նովոստի Ուկրաինա»-ի ղեկավար Կիրիլ Վիշինսկու բնակարանը

21:36 • 03.06.18

Կիևում կողոպտել են «ՌԻԱ Նովոստի Ուկրաինա» պորտալի ղեկավար, լրագրող Կիրիլ Վիշինսկու բնակարանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով փաստաբան Անդրեյ Դոմանսկուն:

Ինչպես հայտնել է լրագրողի կինը՝ Իրինան, «տանն ամեն ինչ տակնուվրա է արված»: Միևնույն ժամանակ նշվում է, որ դուռը փակ է եղել:

«Ես չեմ կարծում, որ դա խուզարկություն է եղել, քանի որ խուզարկություն արդեն եղել էր, բոլոր տեղերը նայել էին, և այն ժամանակ ամեն ինչ բավականին կոկիկ էր կատարվել», - ասել է Իրինան: Նրա կարծիքով՝ դա կարող էին անել կամ սովորական գողերը, որոնք օգտվել տանտերերի բացակայությունից, կամ ազգայնականները, որոնք սիրում են ամեն տեղ ավերել:

Կատարվածի մասին նա նույնպես փաստաբանից էր իմացել, ով իրեն լուսանկարներ էր ուղարկել: Իրինան տանն անձամբ եղել էր 10 օր առաջ, որից հետո անվտանգության նկատառումներից ելնելով մեկնել էր Ռուսաստան:

Հիշեցնենք, որ Վիշինսկուն Կիևում ձերբակալել են մայիսի 15-ին: Նրան կասկածում են պետական դավաճանության և Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններին աջակցելու մեջ: Նրան մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում:

 

 

Կիևում կողոպտել են «ՌԻԱ Նովոստի Ուկրաինա»-ի ղեկավար Կիրիլ Վիշինսկու բնակարանը