Հեղափոխությունը հենց օրենքի հաստատման համար էր, և եթե դա ոմանց համար դեռ նկատելի չէ՝ գուցե պայմանավորված է անցումային փուլով. Աննա Հակոբյան

15:58 • 04.06.18

Հեղափոխությունից հետո, իհարկե, ամեն ինչ օրենքով պետք է լինի, և այս հեղափոխությունը հենց դրա համար էր. ուսանողների հետ հանդիպմանն ասաց «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը, պատասխանելով այն հարցին, թե հեղափոխությունից հետո նոր իրավիճակում պետք է օրենքի շրջանակներում փոփոխություններ իրականացվե՞ն, թե պետք է շարունակվեն այն մեթոդով, ինչ իրականացվում էր հեղափոխության ժամանակ:

Նշենք, որ հարցն ուղղել էր ԵՊՀ շրջանավարտ Արմեն Խաչատրյանը, ով ԵՊՀ-ում տեղի ունեցած ցույցերի ժամանակ դեմ էր հանդես «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության՝ Արամ Սիմոնյանին հեռացնելու մեթոդին: 

Աննա Հակոբյանը նշեց, թե իր կարծիքով՝ օրինականություն հաստատելու ջանքերը նկատելի են, բայց եթե մինչև հիմա տեսանելի չէ նրա կամ այլ մարդկանց համար՝ գուցե  պայմանավորված է անցումային փուլով: «Վստահ եմ՝ շատ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի»,-ասաց նա:

Մեկ այլ ուսանողի հետաքրքրում էր, թե ինչ վերաբերմունք ունի Հանրային հեռուստաընկերության գործունեության վերաբերյալ հեղափոխությունից հետո, հատկապես որ հեղափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե երկիրը գտնվում է բլոկադայի մեջ, և այդ ուղղությամբ փոփոխություն պետք է լինի, մինչդեռ, ըստ ուսանողի, նկատելի է, որ Հանրային հեռուստաընկերությունում ոչինչ չի փոխվել:

Աննա Հակոբյանը ներողություն խնդրեց և հավելեց, որ  հարցն իր իրավասությունների շրջանակում չէ: «Նույնիսկ, որպես ոլորտի մասնագետ, ճիշտ չի լինի կարծիք հայտնել Հանրայինի գործունեության մասին, դա քաղաքական հարց է, և դրա  հասցեատերը վարչապետն է»,-ասաց նա:  

Հարցին, թե հանրային որևէ դժգոհություն, որն ուղղված է ներկայիս իշխանություններին, իր արձագանքը գտե՞լ է «ՀԺ» օրաթերթում, Աննա Հակոբյանը պատասխանեց, որ, ցավոք, դեռևս չի հասցրել վերադառնալ «ՀԺ» խմբագրություն և աշխատել ամբողջ ռեժիմով, նույնիսկ չի էլ հասցնում ընթերցել օբյեկտիվ ծանրաբեռնվածության պատճառով:

«Բայց ես խոստացել եմ ընթերցողներին, հիմա էլ շարունակում եմ խոստանալ, որ «ՀԺ»-ն լինելու է ամենաազատ ու անաչառ լրատվամիջոցը, այսինքն՝ ընդդիմադիր: Հույս ունեմ, որ դա արտացոլվել է, իսկ եթե չի արտացոլվել՝ ես վաղը ժողով եմ հրավիրել, որի հիմնական նպատակն այդ հարցը բարձրացնելն է և լրագրողներին խնդրելը, որ չպետք է ինքնագրաքննության ենթարկեն իրենց և ավելի ուշադիր լինեն հատկապես կառավարության աշխատանքներին, նրանց դեմ ուղղված քննադատություններին ու բողոքներին»,-ասաց Աննա Հակոբյանը:

Հեղափոխությունը հենց օրենքի հաստատման համար էր, և եթե դա ոմանց համար դեռ նկատելի չէ՝ գուցե պայմանավորված է անցումային փուլով. Աննա Հակոբյան