Այդ ի՞նչ լանչ պետք է լիներ 4000 դրամով, ամեն մի երեխայի համար մեկական գա՞ռ պիտի մատուցեին. Սփյուռքի նախարարի խոսքով՝ շռայլություններ են եղել տարբեր ծրագրերում (տեսանյութ)
ՀՀ սփյուռքի նախարարն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ մամուլի հրապարակումներին, ըստ որի՝ 2012թ.-ին իր համախոհների հետ հիմնել է կուսակցություն, որի մասին տեղեկատվությունը բացակայում է իր ինքնակենսագրականում ու հայտարարել, թե կսատարի Սերժ Սարգսյանին:
«Նման հայտարարություն բերեք, ցույց տվեք, որ ես Սերժ Սարգսյանի անունը տվել եմ: Եղել է ընդամենը մեկ մամուլի ասուլիս, որում հայտարարվել է մեր մտադրության մասին, 21 տարեկան երիտասարդներ ցանկանում էին կուսակցություն հիմնել, հետո շատ արագ խնդիրներ առաջացան, թիմի ներսում, պառակտում առաջացավ, մենք անգամ փաստաթուղթ չներկայացրինք պետռեգիստր»,-ասաց նա:
Անդրադառնալով մինչ այս իրականացրած ծրագրերին՝ Մխիթար Հայրապետյանն ասաց, որ շռայլություններ են եղել տարբեր ծրագրերում, օրինակ՝ «Արի տուն» ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուրին 4 հազար դրամ է տրամադրվել լանչի համար:
«Այդ ի՞նչ լանչ պետք է լիներ այդ գնով, ամեն մի երեխայի համար մեկական գա՞ռ պիտի մատուցեին, սև խավիա՞ր, թե՞ ինչ: Կամ ԵՊՀ-ից 1-1,5 կմ հեռավորության վրա գտնվող իքս հյուրանոցից մեկ երեխայի համար ԵՊՀ տեղափոխվելու համար տրամադրվել է տաքսի՝ 1300 դրամով: Երբ մինիմալով գնալ գալը հաշվում ես՝ 1200 դրամ է կազմում, կամ մեկ տաքսիով հնարավոր չէ՞ չորս երեխա տեղափոխել»,-ասաց նա:
Մխիթար Հայրապետյանը կարևորեց, որ փոխնախարարների, վարչությունների ինստիտուտը պետք է ուժեղացվի: «Սփյուռքի նախարարությունը երբեք չպետք է ասոցացվի միայն սփյուռքի նախարարի հետ»,-ասաց նա:
Նախարարը հայտնեց, որ երկու խոշոր ծրագիր են նախատեսում իրականացնել, որոնցից մեկը «Արի տուն» և «Ամառային դպրոց» ծրագրերի համատեղումն է, իսկ երկրորդի վերաբերյալ չցանկացավ փակագծերը բացել:










