Արարատի մարզում եղել են ՀՀԿ-ական գյուղապետեր, որոնք ցանկացել են ՔՊ անդամ դառնալ, բայց մենք նրանց մերժել ենք. Արարատի մարզպետ
Արարատի մարզում եղել են Հանրապետական կուսակցության անդամ գյուղապետեր, որոնք ցանկություն են հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ դառնալ, բայց մենք նրանց մերժել ենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արարատի նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանը:
«Մենք մի քիչ նուրբ ենք մոտենում կուսակցությանը անդամագրվելու հարցին, շատ սկզբունքային ենք այդ հարցերում: Նայում ենք՝ մեկ տարի առաջ խորհրդարանական ընտրություններին այդ համայնքի ղեկավարն իրեն ինչպես է դրսևորել: Ցանկացած քաղաքացու անդամագրվելու հետ կապված մենք շատ սկզբունքային ենք: Ընտրակաշառքի բաժանման դեպքեր են եղել, նայում ենք՝ ովքեր են դրա մեջ թաթախված եղել, այդպիսի մարդիկ տեղ չունեն կուսակցության շարքերում»,- նշեց մարզպետը:
Ինչ վերաբերում է մարզպետարանում կադրային փոփոխություններին՝ Գարիկ Սարգսյանը նշեց, որ աշխատակազմի մասով, որպես այդպիսին, կադրային ջարդ չի լինելու, բայց 1-2 վարչությունների պետեր կփոխվեն, որոնցից դժգոհություններ կան դեռևս շատ վաղուց: Հայեցողական պաշտոնների մասով, սակայն, պատկերը հակառակն է:
«Մարզպետի տեղակալների, խորհրդականների, օգնականների փոխարեն միանշանակ գալու է իմ թիմը: Կտեսնենք՝ եղածների մեջ ովքեր կան, որ տարիների փորձ ունեն, որ կարող են մեզ օգտակար լինել, միանշանակ չէ, որ բոլոր տեղակալները, խորհրդականները, օգնականները լինելու են ՔՊ անդամ: Կարող են լինել անկուսակցականներ, կարող է նախկինում այլ կուսակցության ներկայացուցիչ լինել, դա կապ չունի: Մեզ պետք են այդ մարդկանց գիտելիքները, տեղեկացվածությունը և փորձելու ենք աշխատել ինչպես նոր եկած սերնդի, այնպես էլ հին սերնդի հետ»,- հայտնեց Գարիկ Սարգսյանը:
Հունիսի 1-ին նշանակված մարզպետն այս 5 օրվա ընթացքում հասցրել է հանդիպումներ ունենալ խոշոր մթերող ընկերությունների հետ, պայմանավորվածություն ձեռք բերել մթերման ծավալների շուրջ:
«Առաջնային խնդիրն այս պահին կապված է ծիրանի մթերումների, վաճառքի, արտահանման հետ: Մեծ մեքենաները, որ այս պահին պետք է մարզում լինեին, չգիտես ինչու, ուշանում են այս տարի: Երևի դա կապված է այն հանգամանքի հետ, որ իրենք պատրաստ չեն եղել, տարին գրեթե 10 օր առաջ է, ծիրանը շուտ է հասունացել: Երևի նրանք տեխնիկական պատճառներով չեն կարողացել ժամանակին գալ և ծիրանը դուրս բերել գյուղերից»,- նշեց մարզպետը՝ հավելելով, որ այս ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում:
Ժամանակավոր կառավարության կողմից նշանակված մարզպետը մինչև ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումն իր ամենակարևոր խնդիրը համարում է հենց գյուղատնտեսական սեզոնի պատշաճ կազմակերպումը:
«Մեզ մոտ հիմա գյուղատնտեսական շրջան է և քաղաքական հարցերով շատ չենք զբաղվելու: Այս պահին Արարատի մարզում աշխատում ենք ոռոգման ջրի խնդիրները լուծելու և բերքի իրացումը պատշաճ կազմակերպելու համար: Եթե բողոքներ չլինեն, պատշաճ կազմակերպվի գյուղատնտեսական սեզոնը, դա մեզ համար, կարելի է ասել, հիանալի քարոզարշավ կլինի»,- ասաց Գարիկ Սարգսյանը:










