Եթե Վեհափառը կարծի, թե վստահության խնդիր ունի, համապատասխան քայլեր կձեռնարկի. Միքայել Եպիսկոպոս Աջապահյան

17:08 • 07.06.18

Փաստեր չեն ներկայացվել, ներկայացվել են մտահոգություններ և մտահոգություններից դուրս երբեմն մտել են երևակայության դաշտ, և ոչ ճիշտ տեղեկությունների հիման վրա մեղադրանքներ են հնչեցվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով Կաթողիկոսի և վերջինիս հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամների հետ հանդիպմանը, որին ներկա է եղել ինքը:

«Մտահոգությունների զգալի մասը կիսում ենք, բայց այն մեղադրանքները, որոնք հնչեցվեցին տնային բամբասանքների հիման վրա, բնականաբար, չենք կիսում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ամեն դեպքում այս ամենը չի՞ ցույց տալիս, որ վստահության խնդիր ունի Կաթողիկոսը, նա ասաց, որ այդ մասին ամենից լավ կիմանա Վեհափառը, քանի որ շփվում է բոլոր խավերի մարդկանց հետ:

«Վեհարանում փակված մեկը չէ, ով տեղյակ չլինի անցուդարձին, այսօր վեհարանում էլ նույնիսկ եթե փակված լինես, գոյություն ունի համացանց, հեռուստատեսություն, լրատվամիջոցներ, որոնցից հնարավոր չէ չիմանալ առկա վիճակը: Եթե Վեհափառը մտածի՝ վստահության խնդիր ունի, կարծում եմ՝ համապատասխան քայլեր կձեռնարկի»,- ասաց նա:

Պատասխանելով դիտարկմանը, թե ասում են, որ նախաձեռնության անդամների թիկունքում կան բարձրաստիճան հոգևորականներ, եպիսկոպոսն ասաց՝ ես չեմ: «Ինձ հայտնի է, որ ես չեմ, մյուսների մասին չեմ կարող ասել»,- ասաց նա:

 

Եթե Վեհափառը կարծի, թե վստահության խնդիր ունի, համապատասխան քայլեր կձեռնարկի. Միքայել Եպիսկոպոս Աջապահյան