ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Մանուկյանն ազատ արձակվեց կալանքից

17:43 • 08.06.18

Արամ Պավելի Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոփոխելու միջնորդություն էին ներկայացրել դատարան ՀՀ ԱԺ «ԵԼՔ» Խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանը, «Ծառուկյան» Խմբակցության պատգամավորներ՝ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Լուիզա Սարգսյանը, Շաքե Իսայանը, Նորա Առուստամյանը, Գևորգ Պետրոսյանը։

Դատական նիստի ընթացքում Արամ Մանուկյանին պաշտպանները միջնորդություն ներկայացրեցին նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ: Պաշտպան  Ինեսսա Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց դատարան՝ խնդրելով փոխել իր պաշտպանյալի խափանման միջող կալանավորումը՝ հիմք ընդունելով պատգամավորների անձնական երաշխավորությունը։

Դատավոր Արշակ Պետրոսյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարեց միջնորդությունը. «ՀՀ ԱԺ պատգամավորները երաշխավորում են Արամ Մանուկյանի պատշաճ վարքագիծը: Դատարան ներկայացված սույն միջնորդությունը ենթակա է բավարարման»: 

Նշենք, որ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, խմբի կազմում զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց: Բացի դրանից, հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել է տրանսպորտային միջոցներ՝ սեփականատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի  հատկանիշներով: