Եկամտային հարկի իջեցումը կարժենա 47-52 միլիարդ դրամի վնաս. ՊԵԿ նախագահ
Քննարկումներ կան, սակայն այս պահին ժամանակավրեպ է վերջնական տեսակետ ու որոշում հայտնելը:
Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով Հարկային օրենսգրքի փոփոխությանը, մասնավորպես՝ եկամտային հարկի մասով: Նա հիշեցրեց, որ այս հարցի քննարկման ժամանակ նախկինում էլ ասվել է, որ եկամտային հարկի բեռի իջեցումը պետք է ուղեկցվի անուղղակի գծով հարկային բեռի ավելացմամբ:
«Կապիտալի և եկամուտների հարկման բեռի իջեցումը պիտի սպառման հարկումը ավելացնելու ճանապարհով արվի: Երբ դա Ֆինանսների նախարարությունում էինք քննարկում, նաև նախատեսում էինք, որ վարչարարական գործիքների ներդրմամբ փորձենք այդ բյուջետային կորուստները փոխհատուցել: Դա այդպես չի լինի, հնարավոր չէ: Այսինքն՝ հիմա մասնագիտական քննարկումները շարունակվում են, և մենք պիտի ասենք՝ հանրությունը պատրաստ է արտոնությունները կրճատել, թե՝ ոչ »,- ասաց Դավիթ Անանյանը:
ՊԵԿ նախագահը նկատեց, որ ինքը՝ որպես հարկային մասնագետ, կողմ է արտոնութունների կրճատմանը, սակայն, ըստ նրա, այս խնդիրը բախվում է մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի հետ: ՊԵԿ նախագահն օրինակ բերեց առողջապահության ոլորտի հետ կապված՝ նկատելով՝ ավելացված արժեքի հարկով հարկման դեպքում 32 միլիարդ բյուջետային եկամուտների աճ կլինի. «Որպես հարկային մասնագետ՝ ես ճիշտ եմ, բայց հնարավոր է, որ բնակչությսն սոցիալական վիճակի առումով սխալ դուրս գամ: Այս խնդիրը պետք է լուրջ ուսումնասիրել»,- շարունակեց ՊԵԿ նախագահը:
Ինչ վերաբերում է հարցին, որ, եթե եկամտային հարկը մինչև 20 տոկոսը 150 հազար դրամ եկամտի դեպքում իջեցում լինի, ապա պետական բյուջեն ֆինանսական ի՞նչ կորուստ կունենա, Անանյանն ասաց՝ եկամտահարկի իջեցման պարագայում բյուջեի վնասը կլինի 47-52 միլիարդ: Նա չի կարծում, որ այս հարցում կարելի է ռիսկի գնալ և հույսը դնել նրա վրա, որ մասնավորի սպառման աճը վնասը կկոնպենսացնի:
«Դա հիպոթետիկ է, մենք իրավունք չունենք ռեալ 47-52 մլրդ անկում թողնել՝ ասելով, որ կարող է լավ լինել, հարկային մուտքեր կլինեն և այլն: Նման ռիսկի մենք չենք կարող գնալ»,- եզրափակեց Դավիթ Անանյանը:










