Կառավարության նոր նախագծով առաջարկվում է մի կողմից բարելավել գործարար միջավայրը, մյուս կողմից բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը

13:53 • 11.06.18

Կառավարության այսօրվա արտահերթ նիստի օրակարգում ներառված հարցերից մեկը վերաբերում է գոր­ծա­րար միջավայրի բարելավման, հարկային վարչարարության արդյունավե­տու­թյան բարձրացման քաղաքականության իրականացմանը:

Նախագծերի փաթեթով  առաջարկվում է հնարավորություն ստեղծել, որպեսզի առևտրային բանկերը կարողանան առանց լրա­­ցու­ցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչև 2018 թվա­կանի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանք­ները:

Առաջարկվում է ֆիզիկական անձանց համար իրա­կանացնել ևս մեկ համաներում՝ կապ­ված գույքի (ավտոմեքենա, բնակարան, առանձ­նա­տուն, արտադրական, հասարակա­կան կամ այլ առևտրային տարածք) օտարման գործարքնե­րից առաջացող ԱԱՀ-ի նկատ­մամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների հետ պայմանով, որ օրենքի ընդունումից սկսած 90 օրվա ընթացքում վճարվի հարկի մայր գումարը: Նախագծերի  անհրաժեշտու­թյունն այն է, որ շատերը չեն հասցրել օգտվել նախկին համաներումից և ներկայումս ունեն կուտակ­ված հարկային պարտավորություններ: Մասնավորապես, 2016-2017թթ. նշված արտոնություն­ների կիրառումից հետո լիա­զոր մարմինների կողմից տրամադրվել են տեղե­կու­թյուններ ֆիզիկական անձանց կողմից իրականաց­ված գույքի օտարման գործարքների վերաբերյալ: Եթե այդ տեղեկությունները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին տրամա­դր­վեին արտոնությունների տրամա­դր­ման ժամանակահատվածում, ապա նշված ֆիզիկական անձինք, իմանալով իրենց հար­կա­յին պարտավորությունների մասին, կարող էին օգտվել արտոնությունից:

Նախագծով առաջարկվում է նաև  կարգավորել 2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի գոր­ծու­­նեու­թյունը արտո­նա­գրային հարկի համակարգից շրջանառության հարկի համակարգ տեղա­փո­խելու հետ կապ­ված խնդիրները, որպեսզի այս ոլորտում գործունեություն իրականաց­նող տնտե­ս­վարող սուբ­յեկտ­ները կարողանան սահուն անցում կատարել հարկման նոր համակարգին:

«Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մի կողմից բարելավել գործարար միջավայրը, մյուս կողմից բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը, կատարելագործել ստվերային տնտեսության դեմ պայքարի գործիքակազմը»,-ասված  է հիմնավորման մեջ:

 

Կառավարության նոր նախագծով առաջարկվում է մի կողմից բարելավել գործարար միջավայրը, մյուս կողմից բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը