Կանադայում ամուսնության մեջ չգտնվող 3 մարդ մի երեխայի օրինական ծնող է դարձել
Կանադայում դատարանը պաշտոնապես մի երեխայի ծնող է ճանաչել ամուսնության մեջ չգտնվող երեք քաղաքացու: Այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Սենթ Ջոնս քաղաքում բնակվող ընտանիքը կազմված է երկու տղամարդուց ու մի կնոջից, որն էլ դարձել է երեխայի կենսաբանական մայրը 2017 թվականին:
Հայտնի է, որ Կանադայի օրենսդրությունն ընդունում է պոլիամոր հարաբերությունները՝ սիրային կապը մեկից ավելի մարդու հետ, որի պայմանը բոլոր կողմերի տեղեկացվածությունն ու համաձայնությունն է:
Նշվում է, որ սա առաջին գրանցված դեպքն է, երբ օրինական ծնող է դառնում որպես պոլիամոր ընտանիք ապրող միանգամից երեք մարդ:
«Հասարակությունն անընդհատ փոխվում է, դրա հետ փոխվում է նաև ընտանիքի կառուցվածքը»,- ասվում է Նյուֆաունդլենդ և Լաբրադոր նահանգի գերագույն դատարանի դատավոր Ռոբերտ Ֆաուլերի որոշման մեջ:
Համաձայն Նյուֆաունդլենդ և Լաբրադոր նահանգի օրենքի՝ երեխայի օրինական ծնող կարող է դառնալ միայն երկու մարդ: Ֆաուլերի խոսքով՝ օրենքը հնացել է և կիրառելի չէ «այսօր, երբ հասարակությունում ավելի բարդ ընտանեկան հարաբերություններ են առկա»:










