Հայաստանը ձեռք կբերի ռուսական Սու-30ՍՄ կործանիչներ. Regnum
Որտեղից «Էրեբունի» ավիաբազայում Սու-30ՍՄ (Су-30СМ) ռուսական կործանիչը, արդյոք այն պատկանում է ՌԴ օդատիեզերական ուժերին, թե դրանք ձեռք է բերել Հայաստանը: regnum.ru-ում այս հարցերին է անդրադարձել ռազմական լրագրող Լեոնիդ Ներսիսյանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ռուսական կործանիչի խցիկում լուսանկար հրապարակելու առնչությամբ:
Համաձայն Հայաստանի պաշտպանության նախարարությունում աղբյուրի, որը տեղեկություններով է կիսվել լրատվամիջոցի հետ անանունության սկզբունքով, Երևանը ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում Սու-30ՍՄ կործանիչների ձեռքբերման մասին, ընդ որում՝ բանակցությունները գտնվում են բավականաչափ առաջատար փուլում: Պայմանագրի ստորագրումը, հանգամանքների բարեհաջող և հարթ դասավորության դեպքում, սպասվում է առաջիկա 1-2 տարիներին: Այդ տեղեկությունը համընկնում է կործանիչների նկատմամբ հետաքրքրվածության մասին հայկական ԶԼՄ-ներում 2016 թվականին շրջանառվող լուրերի հետ:
Ինչ վերաբերում է կործանիչին, որի լուսանկարը հրապարակել է Նիկոլ Փաշինյանը, ապա այն պատկանում է ՌԴ օդատիեզերական ուժերին և հնարավոր է՝ ժամանել է մեքենաների խմբի կազմում՝ ինչպես ուսումնամարզական թռիչքների անցկացման, այնպես էլ հայ զինվորականներին և ղեկավարությանը հնարավորությունների ցուցադրման համար:
Այսօրվա դրությամբ Սու-30-ը ռուսական առավել հաջող և մեծ քանակությամբ արտադրված կործանիչն է, միայն Հնդկաստանը ձեռք է բերել 272 հատ կործանիչ, ՌԴ օդատիեզերական ուժերի զինանոցում առկա է ավելի քան 100 նմուշ: Բնականաբար, նման լայնածավալ արտադրանքն ապահովում է ինչպես բարձր որակը, այնպես էլ համեմատաբար ցածր գինը: Առավելություն է նաև Սիրիայում ձեռքբերված փորձը և կործանիչի կառուցվածքում որոշ բարելավումների իրագործումը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այսօրվա դրությամբ երկիրը չունի «կործանիչային» ավիացիա, գրում է հեղինակը: Մարտական ինքնաթիռներից առկա է 15 հատ Սու-25 գրոհիչ: 18 հատ ՄիԳ-29 կործանիչ է տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիաբազայում, բայց այդ սարքերն ամեն տարի զգալիորեն հնանում են: Այդ լույսի ներքո շատ հարմար և տրամաբանական կլիներ այդ կործանիչների հայտնվելը Հայաստանի զինանոցում: Դրանց ձեռքբերման դեպքում երկու կողմերին զգալիորեն ավելի հարմար և շահավետ կլինի ապահովել տեխնիկայի սպասարկումը, ինչպես նաև դրանց հիման վրա կառուցել ենթակառուցվածքները:
Հեղինակը նշում է, որ այս կործանիչների հարվածային հնարավորությունները թույլ են տալիս արդյունավետ պայքարել Ադրբեջանի ՀՕՊ-ի դեմ, առավել ևս, որ հայկական զինանոցում կան նաև «Իսկանդեր» համալիրներ:
Ընդհանուր առմամբ, հայկական զինված ուժերի սպառազինությունում Սու-30ՍՄ կործանիչների հայտնվելը նկատելիորեն կբարձրացնի Երևանի և Ստեփանակերտի հարձակողական հնարավորությունները, ինչպես նաև է՛լ ավելի մեծ վտանգի տակ կդնի Ադրբեջանի ռազմավարական նավթագազային ենթակառուցվածքները, ինչպես նաև այլ առանցքային ենթակառուցվածքներ, ինչը լրացուցիչ դեր կխաղա լայնածավալ պատերազմի զսպման գործում:











