Հս․ Կորեան կարող է ԱՄՆ-ին փոխանցել Կորեական պատերազմում զոհված 200 ամերիկացի զինվորների մնացորդները․CNN
ԱՄՆ-ն հույս ունի մոտ ապագայում Հյուսիսային Կորեայից ստանալ 1950-1953 թվականներին Կորեական պատերազմի ժամանակ զոհված շուրջ 200 ամերիկացի զինվորների մնացորդները, այս մասին տեղեկացնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Հայտնի է, որ զինվորների մարմինների մնացորդների արտահանձնումը Հս․ Կորեան կարող է իրականացնել առաջիկա օրերին, թեև արտահանձնման հստակ ամսաթիվն ու վայրը դեռևս որոշված չեն։
Ըստ հեռուստաալիքի ձեռք բերած տեղեկությունների՝ ԱՄՆ իշխանությունները պատրաստ են ընդունել արտահանձնվող մնացորդներն ընթացիկ շաբաթվա մեջ, եթե Հս․ Կորեան «արագ գործի»։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Սինգապուրում տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Հս․ Կորեայի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումը։ Նշվում է, որ այդ հանդիպման ժամանակ էլ պայմանավորվածություն է ձեռք բերվել ամերիկացի զինվորների մնացորդների արտահանձնման մասին։










