Ձերբակալվել է Մանվել Գրիգորյանի կնոջ ազգականը
Tert.am-ի տեղեկություններով գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ հարազատների շրջանակներում իրավապահ մարմինները շարունակում են խուզարկություններ և տարբեր միջոցառումներ իրականացնել։
Իրավապահների իրականացրած գործողությունների շրջանակներում այսoր ձերբակալվել է Մանվել Գրիգորյանի կնոջ հարազատներից մեկը՝ Արմեն Հակոբյանը, ով, ըստ տեղեկությունների, կասկածվում է ապօրինի զենք ու զինամթերք պահելու մեջ։
Նշենք, որ ոստիկանությունն էլ հայտնել էր, որ խուզարկություն է տեղի ունեցել Պետրոս Ա.-ի տանն ու ԵԿՄ-ի «Ավան» տարածքային գրասենյակում, որտեղ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել։ Պետրոս Ամիրյանը Նազիկ Ամիրյանի եղբայրն է։ Նշենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորված է, նա մեղադրվում է յուրացման և ապօրինի զենք զինամթերք պահելու մեջ։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ էր հրապարակել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի տանը և նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկությունից, որում ասվում էր, որ Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է։
Հունիսի 19-ին 81 կողմ, 3 դեմ ձայներով Ազգային ժողովը բավարարել է Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դատախազի միջնորդությունը, այնուհետև 77 կողմ, 3 դեմ ձայներով զրկել նրան անձեռնմխելիությունից։ Այնուհետև դատարանը պատգամավորին կալանավորելու որոշում կայացրեց։










