Ում են ընտրելու Թուրքիայի քաղաքացի դարձած սիրիացի ներգաղթյալները․ թուրքական կայքի անդրադարձը

14:11 • 21.06.18

Թուրքիայում բնակվող 3 մլն 589 հազ. սիրիացի ներգաղթյալներից շուրջ 50 հազարը հասցրել է Թուրքիայի քաղաքացիություն ձեռք բերել։ Օրերս Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ հունիսի 24-ի արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններին մասնակցության իրավունք ունի շուրջ 30.000 սիրիացի։

gazeteduvar.com.tr կայքը փորձել է պարզել, թե ինչ քաղաքական նախընտրություններ ունեն Թուրքիայի սիրիացի ընտրողները և ում են պատրաստվում տալ իրենց ձայնը։

Վեց տարի Թուրքիայում ապրող սիրիացի Մալիհը նշել է, որ ընտրություններում պատրաստվում է աջակցել գործող իշխանությանն ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Իր որոշումը բացատրելիս նա շեշտել է երկու ընդդիմադիր կուսակցությունների նախընտրական ծրագրի այն մասը, ըստ որի՝ սիրիացի գաղթականներին արտաքսելու են Թուրքիայից։

«Խոստանում են, որ մեզ դուրս կգցեն այստեղից և, այսպիսով, մեր դեմ ատելություն են սերմանում մարդկանց մեջ»,-ասել է Մալիհը՝ միևնույն ժամանակ խոստովանելով, որ ընտրությունների հետ կապված անորոշություն ու լարվածություն է զգում։

Յոթ տարի առաջ Թուրքիա եկած հալեպցի Մուհամեդը նույնպես պատրաստ է իր ձայնը տալ գործող իշխանություններին՝ շնորհակալ լինելով պատերազմի ամենադժվարին օրերին երկրի սահմաններն իրենց առաջ բացելու համար։

Փոխարենը՝ 5 տարի Ստամբուլի Բալաթ շրջանում ապրող ամուսիններ Սալմանն ու Համիդիեն նշում են, որ Էրդողանին ու նրա կուսակցությանը չեն աջակցի, քանի որ դժգոհ են, որ սիրիացի ներգաղթյալների հարցը Թուրքիան հաճախ օգտագործում է Եվրամիության հետ «առևտրի» մեջ մտնելու համար։ Թեև սիրիացի ամուսինները խոստովանում են, որ երկրի ներսում սիրիացի ներգաղթյալների հարցում իշխանությունների ձեռնարկած քաղաքականությունից գոհ են։

Ում են ընտրելու Թուրքիայի քաղաքացի դարձած սիրիացի ներգաղթյալները․ թուրքական կայքի անդրադարձը