Լոնդոնի երկնքում մանուկ Թրամփի տեսքով խաղալիք կհայտնվի՝ ի նշան նրա այցի դեմ բողոքի
Բրիտանացի ակտիվիստները մտադիր են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեսքով հսկայական փուչիկ բաց թողնել Լոնդոնի երկնքում՝ նրա՝ պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք ժամանելու օրը:
NBC News-ի հաղորդմամբ՝ Trump Baby նախագծով զբաղվող ակտիվիստները պլանավորում են հուլիսի 13-ին մի շարք բողոքի ակցիաներ անցկացնել Թրամփի այցի դեմ:
Ինչպես նշել են ակցիայի կազմակերպիչները, իրենք պլանավորում են 6 մետրանոց հելիումով փուչիկ բաց թողնել ԱՄՆ նախագահի տեսքով, որի ձեռքում հեռախոս է, իսկ բերանում՝ ծծակ:
«Դոնալդ Թրամփը նուրբ էգոյով նյարդային մեծ երեխա է: Նա նաև ռասիստ է, դեմագոգ, նա սպառնալիք է ներկայացնում կանանց, ներգաղթյալների և փոքրամասնությունների համար: Նա մահացու վտանգավոր է աշխարհում խաղաղության և երկրի վրա կյանքի համար: Երբ Թրամփը հուլիսի 13-ին ժամանի Մեծ Բրիտանիա, մենք ցանկանում ենք այնպես անել, որ նա իմանա, որ ամբողջ Մեծ Բրիտանիան արհամարհում է իրեն ու ծիծաղում նրա վրա», - նշել են բողոքի ակցիայի կազմակերպիչները:











