Լապշինը Վաշինգտոնում հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին (լուսանկար)

09:30 • 27.06.18

Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը տեղեկացրել է Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին պատահաբար հանդիպելու մասին:

Բլոգերն այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Վաշինգտոնում պատահաբար հանդիպեցի Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին, որը զարմանալիորեն բաց և ուրախ անձնավորություն է»,-գրել է Լապշինը՝ հավելելով, որ Սարգսյանը պետության առաջին դեմքերին բնորոշ ձևականություններ չունի:

Բլոգերը նաև կանխատեսել է, որ ադրբեջանական լրատվամիջոցներում կհայտնվեն հետևյալ  բովանդակությամբ հայտարարություններ. «Լապշինն ինքն իրեն հանձնեց: Հաղթանակած Նավթաստանի (նկատի ունի Ադրբեջանը-tert.am) հետախուզությունը որսացել է նախագահի (Արմեն Սարգսյանի-tert.am) հետ արված լուսանկար, դա նշանակում է, որ նա (Լապշինը-tert.am) հաստատ փող է ստացել դաշնակներից»:

Հիշեցնենք, որ Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակում» էր ներառել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար:

Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել էր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Բաքվի Ծանր հանցագործությունները քննող դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել էր Լապշինի գործով դատավճիռը. նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:

2017 թվականի սեպտեմբերի 11-ին Իլհամ Ալիևը ներում է շնորհել Լապշինին:

 

Фото Aleksandr Lapshin.