Ընտրակարգը պետք է լինի 100 տոկոսանոց համամասնական, իսկ անցողիկ շեմը՝ իջեցվի. Ա. Միրզոյան

19:15 • 28.06.18

Կառավարությունում ընթացող ընտրական օրենսգրքի բարեփոխման հայեցակարգերի և օրենսդրական նախագծերի վերաբերյալ երկրորդ քննարկումն ավարտվեց: 

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ քննարկման ընթացքում 2 որոշում են ընդունել:

«1-ին՝ ընտրակարգը պետք է լինի 100 տոկոսանոց համամասնական, այսինքն՝ փակ ցուցակով համամասնական, 2-րդ՝ որոշում կայացվեց անցողիկ շեմի հետ կապված, ըստ այդմ՝ խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը իջեցվելու է  տոկոսով՝ դաշինքների և կուսակցությունների համար, այսինքն՝ 4 ու 6 տոկոս»,- ասաց նա:

Ըստ Միրզոյանի, երբ ԸՕ բարեփոխման կառավարության հանձնաժողովը կունենա հայեցակարգ, կհանդիպեն խորհրդարանական ուժերի, արտախորհրդարանական ուժերի հետ, որին կհաջորդի հանրային քննարկումների փուլը:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքի բացառմանը, Արարատ Միրզոյանն ասաց. «Ասել, որ 100 տոկոսանոց լուծում ունենք, սուտ կլինի, բայց վստահաբար կարող եմ ասել, որ մեր աչքի առաջ ունենք  այդ գործոնը չեզոքացնելու լուրջ մեխանիզմներ: Հեծանիվ հորինելու կարիք չկա, մեծ հաշով օրենսդրությունն, այդ թվում նաև քրեական օրենսգիրքը, նման երևույթների դե պայքարելու գործիքներ տալիս է: Գաղտնիք չէ, որ նախկինում այս երևույթի դեմ պայքարելու քաղաքական կամք չի եղել, իսկ հիմա կա նաև քաղաքական կամք, գործիքներ»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ Ընտրական օրենսդրության բարեփոխման հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որին էլ լիազորված է բարեփոխումների շուրջ քննարկումներ նախաձեռնել խորհրդարանական, արտախորհրդարանական քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

 

 

ՀեղինակԱնի Օհանյան
Ընտրակարգը պետք է լինի 100 տոկոսանոց համամասնական, իսկ անցողիկ շեմը՝ իջեցվի. Ա. Միրզոյան