Նախիջևանում իրավիճակը վերահսկելի է, անհանգստանալու ոչինչ չկա. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

15:29 • 02.07.18

Նախիջևանում իրավիճակը վերահսկելի է, անհանգստանալու ոչինչ չկա. այս մասին այսօր 2018 թվականի ամառային զորակոչի առաջին օրը հանրապետական կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ադրբեջանական ԶՈւ-երը նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Ավելի ուշ ՊՆ մամուլի խոսնակը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է այրվում Նախիջևանում ադրբեջանական դիրքը:

«Ավելի մեկնաբանությունների կարիք չեմ տեսնում»,- նշեց գլխավոր շտաբի պետը:

Ինչ վերաբերում է արցախա-ադրբեջանական սահմանին լարվածությանը մեծացմանը, հակառակորդի տեղաշարժերին և այսօր մեկնարկելիք զորավարժություններին, Արտակ Դավթյանը նշեց. «Վերջին տարիների ընթացքում մշտապես նման խոսակցությունները կան, մշտապես լարվածությունը կա, մշտապես Ադրբեջանը զորավարժություններ անցկացնում է, և այդտեղ առանձնահատուկ ոչինչ չեմ տեսնում: Իրենց զորավարժություններին մենք ուշի ուշով հետևում ենք, մենք պատրաստ ենք ցանկացած իրավիճակի զարգացմանը: Նույն ձևով էլ մենք ենք ըստ պլանների զորավարժություններ անցկացնում և նույն ձևով Ադրբեջանն է հետևում մեր զորավարժություններին: Անհանգստացնող ոչինչ չկա»:

ԳՇ պետը նաև հայտնեց, որ այսօրվա զորակոչին ՊՆ պատրաստվել էր բավականին երկար, շատ աշխատանքներ են տարվել՝ հնարավոր խոչընդոտներից և դեպքերից խուսափելու համար:

«Զինված ուժերն ի վիճակի են ապահովելու մեր զինծառայողներին ամեն ինչով, ինչը նախատեսված է օրենքով: Կխնդրեմ բոլորիդ, եթե կլինեն դեպքեր, կիմանաք կոնկրետ դեպքեր, որ այս կամ այն զորամասում չի ապահովում զինծառայողի ինչ-որ բանը, մենք պատրաստ ենք շատ օպերատիվ արձագանքելու, լուծումներ տալու տվյալ խնդիրներին»,- հայտարարեց նա:

Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ վերջին շրջանում զինծառայողներին ապահովման մասով 5 ահազանգ է ստացվել, որոնցից միայն մեկն է հաստատվել և խախտումները վերացվել են:

Գլխավոր շտաբի պետը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի կոչին արձագանքել են 300 զինծառայողներ. «Կոչից հետո ունենք մոտ 300 զինծառայող, որից նվազագույնը 156 հոգին նախկինում խուսափող զինծառայողներ են, ներկայացել են և պատրաստ են անցնելու իրենց ծառայությանը»:

Արտակ Դավթյանը նաև անդրադարձավ ռուս պատգամավորների, հասարակական-քաղաքական գործիչներն ադրբեջանական դիրք այցին. «Անհատների կողմից կատարված գործողություն է, ես չեմ ուզում մեկնաբանել: Հարցը կարող եք ուղղել տվյալ պետության ներկայացուցիչներին: Դատապարտում ենք իհարկե, մեզ համար հաճելի չէ, բայց նրանք այլ պետության ներկայացուցիչներ են, իրենց պետության պլաններով մասնակցում են երրորդ պետության ինչ-որ միջոցառման, և դա իրենց փոխարեն մեկնաբանելը ոչ կոռեկտ է»:

Հարցին՝ գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ բացահայտումներից հետո մատակարարումների հետ կապված վերահսկողությունը խստացվե՞լ է, Արտակ Դավթյանը պատասխանեց. «Որ կարգը վերանայվելու և վերահսկողությունը խստացվելու է, միանշանակ է, իսկ ինչ վերաբերում է ԵԿՄ-ին տրվող ապրանքներ ընդհանրապես չտալուն, դա չի քննարկվել»: