Եղեգնուտի համայնքապետը նպաստը տվել է իր հարուստ բարեկամներին, ինքն էլ Մոսկվայում ու Երևանում տներ ունի. բնակիչները պահանջում են 34 տարվա համայնքապետի հրաժարականը

11:49 • 02.07.18

12:11

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները շարունակում են բողոքի ակցիան: Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սեդրակ Ալեքսանյանն «Ազատության» հարցին ի պատասխան հայտնեց, որ համայնքապետին տեղեկացրել է, որ գյուղում բողոքի ակցիա է:
«Համայնքապետն առավոտյան գնացել է մարզպետարան, հայտնել եմ, որ բողոքի ակցիա է:  5-10 տարի է նույն պատմությունը շարունակվում է, եկել են, ստուգել են»,-ասաց Ալեքսանյանը:


Ինչ վերաբերում է համայնքապետի հրաժարականին, Ալեքսանյանն ասաց, որ այդ մասին ինքը տեղյակ չէ,սակայն գիտի, որ լրատվամիջոցների հետ զրույցում համայնքապետը հայտնել է, որ հրաժարական չի տալու:

Բնակիչները համայնքապետարանի մոտ շարունակում են ակցիան և պահանջում են, որ համայնք այցելի Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը:

 

11:49

Արմավիր համայնքի Եղեգնուտ համայնքի բնակիչները պահանջում են համայնքապետ Ռազմիկ Մարգարյանի հրաժարականը:

«Ազատության» հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ 34 տարի է ղեկավարում է համայնքը:

Եղեգնուտի բնակիչ, ՀՅԴ-ական Ռազմիկ Աբրահամյանն ասաց, որ գյուղապետը հիմա հայտարարում է, որ ՀՀԿ-ական չէ, սակայն բնակիչները փաստարկներ ունեն, որ նա ՀՀԿ-ական է:
«34 տարի թալանել է համայնքը, գյուղում ոչինչ չի մնացել»,-ասաց Աբրահամյանը:

Մեկ այլ բնակիչ էլ ասաց, որ համայնքապետն ու նրա ազգականները թալանել են բյուջեն, բացի այդ, անապահով ընտանիքներին հասանելի գումարը տվել է իր հարուստ բարեկամներին:

«Իր ազգականներով թալանել է գյուղի 80 մլն դրամանոց բյուջեն:
 Համայնքապետը Մոսկվայում բնակարան ունի, Երևանում շինություններ ունի ու բոլորը գյուղացիների փողերով է առել: Որպես անապահով ընտանիք օգնություն են ստացել
նրա եղբայրը, ունի Երևանում բնակարան, գյուղում ունի տուն, երկու մեքենա, ու 30 հզր օգնություն է  ստացել, չհաշված այն, որ բենզալցակայան ունի, ու այդ մարդը նպաստ է ստացել:

Դպրոցի տնօրենի հայրը, համայնքապետի քեռին, իր  քարտուղարի մորաքույրը,  գլխավոր հաշվապահի ամուսինն ու աղջիկը ու այդպես շարունակ բոլորը ստացել են նպաստ, ու բոլորի տները կարող եք գնալ ու տեսնել», -ասաց Եղեգնուտի բնակիչը:

Մեկ այլ բնակիչ էլ հայտնեց, որ բռնություն են կիրառել մարդկանց նկատմամբ.« Մենք հանդիպել ենք համայնքապետի հետ և ասել՝ թող գնա, թող գյուղը շնչի: Բռնություն են կիրառում մարդկանց նկատմամբ, 2011-ին ծեծ ու ջարդ է եղել, նույնիսկ` կանխամտածված սպանություն»:
Այնուհետև համայքնի բնակիչները մտան գյուղապետարան, սակայն գյուղապետն այնտեղ չէր, աշխատակազմի քարտուղարը հայտնեց, որ համայնքապետը գնացել է մարզպետարան և ինքն այլ տեղեկություն չունի: