Ժամանակն է վերջ տալ մեծահոգությանը, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի. փորձագետ
Ադրբեջանը մեզ հիշեցրեց, որ մենք ավելի զգոն պիտի լինենք նաև Նախիջևանի սահմանի ուղղությամբ: Լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան՝ խոսելով վերջին օրերին Նախիջևանի սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասին:
«Սա ոչ այնքան քաղաքական, որքան ռազմական մեսիջ է: Ադրբեջանը փորձեց ցույց տալ, որ պատրաստ է պատերազմի, պատրաստվում է վաղուց և եթե հարմար պահ լինի՝ ռազմական ճանապարհով է գնալու: Ալիևի կողմից, ՊՆ նախարարի կողմից բազմիցս եղել են հայտարարություններ այն մասին, որ իրենք պատրաստվում են պատերազմի, նրանք փոխում են օրենսդրությունը, մեծացնում են պաշտպանության բյուջեն, անվտանգության համար զինվում են, նոր զենքեր են ձեռքբերում: Նրանք խոսքով ու գործով պատրաստվում են պատերազմի: Գնդակը մեր դաշտում է, մենք պետք է ասենք, որ հակառակորդը պատրաստվում է, մենք էլ պատրաստ ենք»,- ասաց Անժելա Էլիբեգովան:
Վերջինս նշեց, որ Հայաստանի համար ժամանակ շահելը լավ է՝ հասկանալու համար, որ պատերազմ կարող է լինել ղարաբաղաադրբեջանական շփման գծում, Հայաստանի սահմաններից որևէ մեկին:
Ըստ փորձագետի՝ հայկական կողմը «մեծահոգություն» ցուցաբերեց, երբ վերջերս թույլ տվեց այդ երկրի քաղաքացիներին այցելել հայկական տարածքում գտնվող իրենց հարազատների գերեզմաններին: «Նրանք եկան, հարգանքի տուրք մատուցեն, և դա ներկայացվեց որպես հողի ազատագրում: Ժամանակն է վերջ տալ մեծահոգությանը, որովհետև իրենք նույն կերպ մեզ չեն վերաբերվում: Մենք կենտրոնացած էինք արցախյան ուղղության վրա և մոռացել էինք, որ Նախիջևանը 30-40 մետր հեռավորությամբ է գտնվում, և Ադրբեջանը մեզ այս մասին հիշեցրեց, որ մենք զգոն լինենք այս ուղղությամբ»,- նշեց նա:
Էլիբեգովան նկատեց, որ Հայաստանում թավշյա հեղափոխության ժամանակ ադրբեջանական մամուլի արձագանքը սկզբից զգուշավոր էր, չէին հասկանում, թե ինչ է կատարվում, հետո հույսեր առաջացան, որ ներկայիս իշխանությունները Ղարաբաղի հարցում զիջող կլինեն, հեշտ կլինի նրանց հետ պայմանավորվել, դրա համար աջակցում էին հեղափոխությանը: Փորձագետն ասաց, որ սա ամենևին պատահական չէ:
«Երբ Նիկոլ Փաշինյանը գնաց Արցախ, մեսիջներ հաղորդեց, որ Արցախը պետք է իր ձայնը բարձրացնի բանակցային պրոցեսում, որ հողերի հանձնման մասին խոսք լինել չի կարող, և ադրբեջանական մամուլի հռետորաբանությունն արագ փոխվեց: Նրանք մասսայաբար լցնում էին ինֆորմացիա, որ Հայաստանի իշխանությունները հակառուսական են, որ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները կտրուկ վատանալու են, այնինչ նման բան չկա: Սա Ադրբեջանի համար ցանկալի զարգացում կլիներ»,- նշեց նա:
Էլիբեգովան ասաց, որ ադրբեջանական հասարակության համար շոկ էր, երբ հեղափոխության օրերին նրանք տեսան ներկայիս, ժամանակակից Երևանի կադրերը: «Իրենց մոտ շոկ է, ցույց են տալիս 90-ականների կադրեր, մութ ու ցուրտ կադրեր, ու հանկարծ իրենք տեսան լուսավոր երիտասարդություն, շքեղ մեքենաներ, տեսան Երևանն այնպիսին, ինչպիսին կա, և հասկացան, որ քարոզչությունն այսքան տարի իրենց ստում է»,- ասաց նա:










