Լոնդոնում թույլատրել են մանուկ Թրամփի տեսքով խաղալիքի հայտնվելը երկնքում՝ ի նշան նրա այցի դեմ բողոքի

12:22 • 06.07.18

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը թույլատրել է ցուցարարներին մանուկ Թրամփի տեսքով խաղալիք բաց թողնել երկինք: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

«Քաղաքապետը հարգում է խաղաղ ցույցի իրավունքն ու գիտակցում, որ այն կարող է տարբեր դրսևորումներ ունենալ»,- ասվում է քաղաքապետի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ բրիտանացի ակտիվիստները պլանավորել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեսքով հսկայական փուչիկ բաց թողնել Լոնդոնի երկնքում՝ նրա՝ պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք ժամանելու օրը:

Ինչպես նշել են ակցիայի կազմակերպիչները, իրենք պլանավորում են 6 մետրանոց հելիումով փուչիկ բաց թողնել ԱՄՆ նախագահի տեսքով, որի ձեռքում հեռախոս է, իսկ բերանում՝ ծծակ:

Դոնալդ Թրամփի այցի կապակցությամբ Մեծ Բրիտանիայի կառավարությունն ուժեղացնում է անվտանգության միջոցները երկրում: Բրիտանական իշխանությունները զանգվածային բողոքի ցույցեր են ակնկալում Թրամփի այցի ժամանակ: Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահի պաշտպանությունը կապահովի մոտ 10 հազար ոստիկան, 40 ոստիկանական ավտոմեքենա ու մոտոցիկլետային ուղեկցություն: