Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ, սակայն «Մարտի 1-ի» գործով հարցաքննության համար ծանուցվել է. ՀՔԾ

09:37 • 07.07.18

«Մարտի 1-ի» գործով Հատուկ քննչական ծառայությունը նոր բացահայտումներ է արել քրեական գործի շրջանակներում որպես վկա հարցաքննության է կանչվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով 2008 թ-ի մարտի 1-ին ՀՀ նախագահն էր։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտնել են, որ ծանուցումը ստացել են:

Այս մասին Tert.am-ի հարցին, թե ի վերջո ծանուցվե՞լ է ՀՀ երկրորդ նախագահը, և արդյոք գտնվում է Հայաստանում, ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանը  պատշաճ կարգով ծանուցվել է, վարույթն իրականացնող մարմնին նաև տեղեկացրել են, որ մինչև հուլիսի 25-ը նա Հայաստանում չի լինելու»:

Նշենք, որ վերջերս ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը կատարող քննչական խմբի ղեկավարի կողմից 2018 թվականի հուլիսի 3-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավար անձի՝ պաշտպանության նախարարի և այլ անձանց կողմից 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ:

Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «Մարտի 1»-ի գործով, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

 

Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ, սակայն «Մարտի 1-ի» գործով հարցաքննության համար ծանուցվել է. ՀՔԾ