Քաղաքացին կոտրել է «Վիվառո»-ի դուռն ու ապակիները՝ անընդունելի համարելով Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ խաղադրույքը. գործը դատարանում է

10:23 • 07.07.18

Քաղաքացին մեղադրվում է «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ-ին 1 մլն 376 հզր դրամի նյութական վնաս պատճառելու մեջ: Պատճառն այն է, որ ըստ մեղադրանքի, քաղաքացու համար անընդունելի է եղել ընկերությունում արված այն խաղադրույքը, թե ՌԴ մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը կսափրվի՞, թե՞ ոչ:

Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Արիգ Տիգրանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անընդունելի համարելով «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան  մեկնելուց առաջ սափրվել կամ չսափրվելու համար խաղադրույք սահմանելու հանգամանքը՝ ընկերության գույքը  վնասելու  դիտավորությամբ, 2018թ․մայիսի 13-ին գնացել է ընկերության գրասենյակի մոտ, կոտրել դռներն ու ապակիները: Այդկերպ, ըստ մեղադրանքի՝ նա ընկերությանը պատճառել է խոշոր չափերի՝ 1մլն 376 հզր դրամի նյութական վնաս։

Տիգրանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործն ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան: