Ճապոնիայում ջրհեղեղի պատճառով 3 մլն մարդ կտարհանվի

15:25 • 07.07.18

Ճապոնիայի իշխանությունները երկրի 19 պրեֆեկտուրաներից 3 մլն մարդ տարհանելու մասին հրահանգ են տվել՝ հորդառատ անձրևների և ջրհեղեղի պատճառով: Այս մասին տեղեկացնում է NHK հեռուստաընկերությունը:

Երկրի տարբեր հատվածներից հաղորդվում է ավերածությունների մասին: Հիրոսիմա պրեֆեկտուրայում գետի հոսանքն ավերել է երկաթուղային կամուրջը: Օկայամա պրեֆեկտուրայում, որտեղ ջրի մակարդակը բարձրացել է մինչև երկրորդ հարկ և ավելի բարձր, մարդիկ տանիքների վրա օգնություն են խնդրում:

Վերջին տվյալների համաձայն՝ Ճապոնիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի: Անհայտ կորած է համարվում 47 մարդ: Չորս մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Բացի դրանից, ջրհեղեղի հետևանքով 3700 մարդ 1800 տնային տնտեսությունում կտրված է մնացել կապի միջոցներից:

Ավելի վաղ Ճապոնիայի կառավարությունը հաղորդել էր, որ ինքնապաշտպանական ուժերի, ոստիկանության և փրկարար ծառայության 48 հազար աշխատակից մասնակցում է տուժածներին փրկելու գործողությանը: Երկրի վարչապետ Սինձո Աբեն «չափազանց լուրջ» է անվանել իրավիճակը ջրհեղեղներից տուժած շրջաններում:

Հիշեցնենք, որ ուրբաթ Ճապոնիայի կենտրոնական և հարավ-արևմտյան հատվածներում հորդառատ անձրևներ են սկսվել։ Ծանր դրություն է հատկապես Օկայամա պրեֆեկտուրայում։