Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան

13:02 • 10.07.18

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Սպասվում է, որ այցի ընթացքում կկայանան ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի բանակցությունները, այլև հանդիպումներ կանցկացվեն պատվիրակությունների միջև, որոնց կմասնակցի կառավարության նոր կազմը:

Ադրբեջան այցի ավարտից հետո Թուրքիայի նախագահը կուղղվի ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի Անկարայում նախագահական պալատում մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է կառավարության նոր կազմը:

Երեկ՝ հուլիսի 9-ին, վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես ստանձնել է Թուրքիայի նախագահի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը կայացել է Թուրքիայի խորհրդարանում՝ կառավարության անդամների և պատգամավորների ներկայությամբ: