Գարեգին Բ կաթողիկոսը ոստիկանների ուղեկցությամբ դուրս եկավ շրջափակված մեքենայից և հեռացավ (թարմացված)

19:14 • 14.07.18

20։00

Հավաքվածները տեղեկացնում էին, որ իրենք Վեհափառի համար որևէ վտանգ չեն ներկայացնում և պահանջում էին, որ նա իջնի մեքենայից։

Ի վերջո, ոստիկանների ժամանումից հետո Գարեգին Բ–ն իջավ մեքենայից և ոստիկանների ուղեկցությամբ հեռացավ։

Ցուցարարները շարունակեցին իրենց պահանջները ներկայացնել կաթողիկոսին և վանկարկել «Գարեգին հեռացիր»։


19:50

Ամենայն Հայոց կաթողիկոսի մեքենայի շրջափակմանն անդրադարձել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:


«Խիստ մտահոգիչ եմ համարում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու եւ սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները։ Ոստիկանությունը պարտավոր է շտապ քայլեր ձեռնարկել տեղեկությունները ստուգելու եւ անհրաժեշտ ընթացք տալու համար»,-ասել է նա։


19:14

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուխտի է մեկնել Գնդեվանք, սակայն նրա հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները շրջափակել են նրա մեքենան:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.


«Այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ են հնչեցնում։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր պետին վտանգ է սպառնում։ Սույն գործողությունները դատապարտելի են և այլևս պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»։