Հունաստանում լայնամասշտաբ անտառային հրդեհ է բռնկվել՝ տարածվելով դեպի բնակավայրեր

20:25 • 23.07.18

Հունաստանում՝ Աթենքից արևմուտք ընկած հատվածում զանգվածային անտառային հրդեհ է բռնկվել, որի պատճառով մարդիկ ստիպված են եղել փախչել տներից: 

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին, հրդեհը բռնկվել է հունական մայրաքաղաքից 55 կմ արևմուտք ընկած շրջանում: Հրդեհի բռնկման պաճառները դեռևս անհայտ են: 

Հրդեհաշիջման աշխատանքներին 4 ինքնաթիռ և երկու ուղղաթիռ է ներգրավվել: Երկրի վրա կրակի դեմ պայքար են մղում 110 հրշեջ փրկարար և 47 տրանսպորտային միջոց: 

Նշվում է, որ ուժեղ քամու պատճառով կրակն արագորեն տարածվում է դեպի այլ բնակավայրեր, գյուղերից երեքում տներ են այրվել: Միևնույն ժամանակ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել: 

Կրակից բարձրացող ծխի ամպերը տեսանելի են եղել Աթենքի Ակրոպոլիսի և Պարթենոնի տաճարի գլխավերևում: