Պոմպեոն և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են ամերիկացի քահանայի ձերբակալության հարցը

23:44 • 28.07.18

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն բանակցություններ է անցկացրել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ 2016 թվականին ձերբակալված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի հարցով: Այդ մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության կայքը:

Պոմպեոն և Չավուշօղլուն նշել են, որ կշարունակեն բանակցությունները քահանայի հետ կապված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է «մեծ պատժամիջոցներ» սահմանել Թուրքիայի դեմ 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձին աջակցելու համար մեղադրվող ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի ձերբակալության պատճառով: ԱՄՆ նախագահը հայտարարել է Բրանսոնի անմեղության մասին և ընդգծել է, որ նա պետք է «անհապաղ ազատ արձակվի»:

Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Անկարան չի հանդուրժի «որևէ մեկի կողմից» նման հռետորաբանություն և ընդգծել է, որ ոչ մեկ չի կարող Թուրքիային թելադրել՝ ինչպես վարվել:

 

Պոմպեոն և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են ամերիկացի քահանայի ձերբակալության հարցը