2008թ. արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել Արմեն Գևորգյանին. ՀՔԾ պետ
ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՔԾ-ի կողմից: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդմանն ասել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
Նա հայտնել է, որ դեռևս տարիներ առաջ «Վիկիլիքսի» կողմից հրապարակումներ են եղել այն մասին, որ ճնշումներ են եղել 2008 թ-ի ընտրությունների արդյունքների հետ կապված Սահմանադրական դատարանի որոշման վրա:
«Երբ Սերժ Սարգսյանի հակառակորդները բողոքարկել են այդ որոշումը ՍԴ-ում, ԿԸՀ-ի որոշման օրինականությունն է բողոքարկվել, ճնշում է եղել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ, նա այդ մասին բարձրաձայնել էր, դիմել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին, հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր եղբոր միջոցով ճնշումներ են գործադրվում»,-ասել է Սասուն Խաչատրյանը:
Խաչատրյանը նշել է, որ Արմեն Գևորգյանը մեղադրվում է «ՀՀ Քրեական օրենսգրքի»՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող 332 հոդվածի 3-րդ մասով: «Այդ հանցանքը համարվում է ծանր, մինչև վեց տարի ազատազրկում է նախատեսում: Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին»,- հայտնել է ՀՔԾ պետը:
Ավելի վաղ՝ Արմեն Գևորգյանը մարտի 1-ի գործով կանչվել էր ՀՔԾ հարցաքննության: Արմեն Գևորգյանը 2007 թվականի հունիսից մինչև 2008-ի ապրիլը զբաղեցրել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:










