ՀՔԾ պետի դիրքորոշումը միջամտություն էր արդարադատությանը. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան (տեսանյութ)

12:02 • 04.08.18

12:30

Ցանկացած հերթական ելույթ ապացուցելու է, որ գործը ծայրից ծայր քաղաքական հետապնդման դրսևորում է, որևէ ապացույց չկա. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ճեպազրույցին այսօր հայտարարեց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: 

Անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը՝ նա նշեց, որ դա իր տեսած ամենահակասական և ոչ համոզիչ հարցազրույցներից մեկն էր:  

«Փաստերը հարմացված են այն նպատակին, որն ի սկզբանե դրված է քննչական ծառայության առաջ»,-ասաց նա։ 

Անդրադառնալով նաև 0038 հրամանին՝ Սողոմոնյանն ասաց, որ տեքստը խրոխտ ձայնով կարդալով՝ դրանից գործի էությունը չի փխրվում:  

«ՀՔԾ-ն պետք է ապացուցի անապացուցելին: Նման փաստեր չեն կարող լինել, կանխատեսվել է, որ «Մարտի մեկ» է լինելու, բանակը ներգրավվելու է, հետո նախագահը տեղյակ չէր կարող չլինել, որ բանակը ներգրավված է: Արդյո՞ք եղել է բախում ցուցարարների ու զինվորականների միջև, չի եղել, անորոշ ներկայացվել՝ այսքան պարկուճ է կրակվել»,-ասաց նա:   

Ըստ Սողոմոնյանի, եթե չկա փաստ ինչո՞ւ պետք է Ռոբերտ Քոչարյանը կալանավորվի, այն տրամաբանությունն է, որ «նստի, հետո կտեսնենք»: Նա նաև հարցադրում արեց, թե նույն տրամաբանությամբ ինչո՞ւ մնացածները ներգրավված չեն: «Մյուս ներքաշողները ինչո՞ւ ներգրավված չեն, մասնավորապես՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, սա ի՞նչ ընտրողականություն է»,-ասաց նա: 

Ըստ Սողոմոնյանի՝ չկա փաստ, որ Քոչարյանը անհանգստանա, և նրա շահերից է բխում բոլոր փաստերի հրապարակումը: 

Փաստաբան Սարգիս Գրիգորյանը հայտարարեց, որ ՀՔԾ պետի՝ նախօրեին հնչեցրած դիրքորոշումը միջամտություն էր արդարադատությանը, քանի որ ամրագրված նորմ է, որ պետական մարմինները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի քննարկումներից, որոնք վտանգում են դատական պրոցեսը:  

«Մենք կարծում ենք, որ ՀՔԾ պետի կողմից կոնկրետ գործի քննարկումն անմիջական միջամտություն է արդարադատության պրոցեսին»,-ասաց նա: 

Փաստաբաններից Հայկ Ալումյանը հավելեց, որ երբ խոսում է ՀՔԾ պետը կամ ՀՀ անունից այլ պաշտոնատար անձ, ապա գնահատականները չպետք է լինեն նման միանշանակ, պետք ասեն՝ «մենք համարում ենք այսպես»,  չեն կարող նման աներկբա հայտարարություն հնչեցնել, դա անմեղության կանխավարկածի ամենակոպիտ դրսևորումներից մեկն է: 

Փաստաբաններ Ռուբեն Սահակյանը նշեց, որ նման գնահատականները, որ տալիս էր ՀՔԾ պետը, լսում էր նաև այն դատավորը, որ պետք է լսի իրենց բողոքը և հնարավոր է, որ մարդը վախենա: «Նման հայտարարությունը հարիր չէ ՀՔԾ պետին»,-ասաց նա։

12:00 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը փոխելու պահանջով:

Պաշտպաններից Արամ Օրբելյանը Tert.am-ի հետ զրույցում նաև ընդգծել էր, որ դիմումի հետ ներկայացրել է պատգամավորների ստորագրությունները՝ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով։ Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1-ի» գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար. նրա խափանման միջոց կալանքը փոխելու ստորագրահավաքին այս պահի դրությամբ միացել է 45 պատգամավոր:

Նշենք նաև, որ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը երեկ Հանրային ՀԸ եթերում կարծիք էր հայտնել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ խափանման միջոց կալանավորումը փոխելը, պետք է մերժվի, սա ելնում է գործի շահերից: Վերջինս գտնում է, որ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ հաշվի առնելով պաշտոնական դիրքը:

Սասուն Խաչատրյանը անդրադառնալով պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիությանը, նշել էր, որ չի կարող լինել բացարձակ անձեռնմխելիություն: