Թուրքիան կտրուկ բարձրացրել է ամերիկյան ապրանքների ներկրման մաքսատուրքերը

09:36 • 15.08.18

Թուրքիան ի պատասխան ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների կտրուկ բարձրացրել է մի շարք ամերիկյան ապրանքների ներկրման համար մաքսատուրքերը, հայտնում է Resmi Gazete-ն՝ մանրամասնելով, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համապատասխան հրամանագիր է ստորագրել:

Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ից ծխախոտի ներկրման մաքսատուրքն ավելացել է 60%-ով, ալկոհոլինը՝ 140%-ով, մեքենաներինը՝ 120%-ով: Բացի այդ, ավելացել են բրնձի, մրգերի, կոսմետիկ պարագաների և մի շարք այլ ապրանքների ներկրման համար մաքսատուրքերը:

Նախօրեին Էրդողանը հայտարարել էր, որ երկիրը կբոյկոտի Միացյալ Նահանգներում արտադրվող էլեկտրատեխնիկան:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն կրկնապատկել է Թուրքիայից ալյումինի ու պողպատի ներկրման համար մաքսատուրքերը, ինչպես նաև Թուրքիայում ամերիկացի հոգևորականի կալանավորման շուրջ տարաձայնությունների ֆոնին նոր պատժամիջոցներ է սահմանել Անկարայի նկատմամբ:


Վաշինգտոնի հետ հարաբերությունների վատացման հետևանքով թուրքական լիրան կտրուկ անկում է արձանագրել: Սակայն Էրդողանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակում օտարերկրյա արժույթին անցում կատարելը կնշանակի «հանձնվել թշնամուն»:


Նշվում է, որ երկուշաբթի Թուրքիայի Կենտրոնական բանկի ձեռնարկած անհրաժեշտ քայլերի արդյունքում լիրայի անկումը դոլարի նկատմամբ դադարել է: