Սերժ Սարգսյանը կհարցաքննվի «Մարտի 1»-ի գործի շրջանակներում. Սասուն Խաչատրյան (տեսանյութ)
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կհարցաքննվի «Մարտի 1»-ի գործի շրջանակներում:
Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
«Բազմիցս նշել եմ, որ հարցաքննվելու են բոլորը , ովքեր առնչություն են ունեցել այս գործին: Առանց բացառության: Եվ, այո՛, հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը»:
ՀՔԾ պետը նաև կարծիք հայտնեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից ՀՔԾ արձագանքին «իրավական անգրագիտություն» որակմանը՝ ՀՀ Վերաքննիչ դատարանի՝ ՀՀ 2-րդ նախագահի խափանման միջոցը փոխելու և առաջին ատյանի որոշումը բեկանելուց հետո:
«Յուրաքանչյուր մարդու դաստիարակության մակարդակից է կախված հայտնված կարծիքի երանգը: Օրինակ՝ ես երբեք թույլ չեմ տա մյուս իրավաբանի գործունեությունը դրսևորել որպես անգրագիտություն»,– լրագրողի հարցին ի պատասխան ասաց Սասուն Խաչատրյանը:
ՀՔԾ պետը նշեց, որ ինքն ընդամենը բնորոշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է:
Tert.am –ի դիտարկմանը, որ «դուրս է եկել իր լիազորություններից»՝ ասելով գուցե նկատի ունի այն, որ անդրադարձել է ոչ թե կալանքի հիմքերին, այլ մեղադրանքի, ՀՔԾ պետն ասաց՝ «այո, հենց դա նկատի ունեմ»:
«Եվ պատկերացրե՛ք՝ ՀՔԾ-ն բողոքարկման լիազորություն չունի, և պատկերացրե՛ք, որ բնորոշումը շատ մեղմ է»:
Նա կրկնեց իր այն պնդումը, որ Ռոբերտ Քոչարյանի՝ ազատության մեջ մնալու հանգամանքը կարող է խանգարել գործի քննությանը: Հարցին, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ Ռ. Քոչարյանի՝ ազատության մեջ լինելը, ՀՔԾ պետը կրկին հույս հայտնեց, որ Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք կհայտնի, և Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի անազատության մեջ: «Որպեսզի չկարողանա խոչընդոտել գործի քննությանը»,- ասաց Խաչատրյանը:
ՀՔԾ պետը ամեն դեպքում պարզաբանեց, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց այս պահին ընտրված չէ, բայց եթե նա նման փորձ անի, ապա դա կդիտարկվի որպես նախաքննությունը խորընդոտելու և քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ:










