Մարիա Զախարովան մեկնաբանել է Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հավանականությունը

18:02 • 23.08.18

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե երբ կարող է Մոսկվայում հանդիպում կայանալ երկու երկրի ԱԳ նախարարների միջև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի քննարկման շրջանակներում, Զախարովան ասել է. «Եթե հանդիպումներ լինեն, մենք կտեղեկացնենք այդ մասին: Մեր միջնորդական ջանքերը շարունակվում են, մենք կապի մեջ ենք կողմերի հետ տարբեր ձևաչափերում: Դա գործնականում այն ամենն է, ինչ կա այսօրվա դրությամբ»:

Մարիա Զախարովան ճեպազրույցի մեկնարկին հաստատել է, որ օգոստոսի 24-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կընդունի թուրք գործընկերոջը: Նրա խոսքով՝ այս տարվա ընթացքում ԱԳ նախարարների միջև կայանալիք վեցերորդ հանդիպման ժամանակ նախատեսվում է հիմնականում ուշադրություն դարձնել սիրիական խնդրին: