Ալյուրի գինը 1կգ-ը շուրջ 50 դրամով կթանկանա, եթե Վրաստանում ընդունված որոշումն ուժի մեջ մտնի. ցորենի ներկրմամբ զբաղվող ընկերություններ
Եթե Վրաստանում ուժի մեջ մտնի վերգետնյա տրանսպորտով հացահատիկի ներկրումն արգելող որոշումը, Հայաստանում ալյուրի գինը միանշանակ կթանկանա մեկ կիլոգրամը շուրջ 50 դրամով. Tert.am-ի հետ զրույցում պնդեցին ցորենի ներկրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները:
«Մեկ կիլոգրամ ալյուրը 50 դրամով կթանկանա, եթե ծովային տրանսպորտով բեռնափոխադրումներ կատարվեն և երկաթգծով աստղային գներով գա Հանրապետություն»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մանանա Գրեյն» ՍՊԸ տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը:
Նշենք, որ Վրաստանի կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով ցորենի ներկրումը: Ըստ որոշման՝ ցորենը միայն պետք է ներկրվի Փոթիի նավահանգստի միջոցով և այնտեղից երկաթգծով տեղափոխվի: Խնդրի առնչությամբ հայ գործարարները նամակով դիմել են կառավարությանը։
«Մինչև այժմ ցորենն ուղղակի գնվում էր ՌԴ-ից, Ստավրոպոլի երկրամասից, հիմա պետք է հացահատիկ առնվի ոչ թե ֆերմերից, այլ ծովափում վաճառող ընկերությունից, որը յուրաքանչյուր տոննայի մեջ եկամուտ պետք է ունենա վաճառելուց, կամ պետք է մինչև ծով հասցնել, քանի որ Ստավրոպոլի ճանապարհը, որ պետք է գար Հայաստան, փակվում է ինչ-ինչ պատճառով, և Հայաստանի ոչ մի կառույց մեզ այդ մասին չի ասում, չեն զգուշացնում, կարծեմ՝ Տրանսպորտի և կապի նախարարություն գոյություն ունի, որը մեզ չի էլ զգուշացնում»,-ասաց նա:
Վրացական կողմն, ըստ նրա, իրենց հետ չունի անմիջական պաշտոնական կապ և որոշման մասին տեղեկացել են սահմանային ծառայության աշխատակիցներից: «Մեր վարորդներին ասել են, որ էլ մի եկեք, ամսի 1-ից չենք ձևակերպելու, մենք էլ ճշտելու ոչ մի տեղ չունենք. հարգարժան Տրանսպորտի նախարարությունն ինչո՞վ է զբաղված, միայն փող գանձելո՞վ»,-ասաց նա:
Իսկ թե չեն դիմել նախարարությանը՝ պատասխանեց. «Ի՞նչ անենք, դրոշակ վերցնենք, դուրս գանք հրապարակ, ո՞վ է բիզնեսին շան տեղ դնում»:
Ըստ Գուրգեն Նիկողոսյանի՝ նման որոշումը ենթադրում է, որ բեռնատար մեքենաները, որոնք ձեռք բերելու համար իրենք բավական ներդրումներ են կատարել, պետք է կանգնեն, քանի որ իրավունք չունեն աշխատելու: «Միայն Լարսից չէ, որ չեն կարող աշխատել, նաև Փոթից էլ իրավունք չունեն բեռնափոխադրելու, որպեսզի չխաթարեն երկաթգծի աշխատանքը: Պատճառաբանում են, թե Լարսի թողունակությունը քիչ է, տուրիստական հոսքին է խանգարում, բայց սուտ է, տուրիստական հոսքը սեպտեմբերից նվազում է, ընդամենն ուզում են՝ երկաթգիծը աշխատացնեն, որովհետև երկաթգիծը շատ թանկ է, ոչ ոք չի ուզում օգտվել այդ թանկ տրանսպորտից, դրա հարմար տրանսպորտը նաև Փոթիից չեն ուզում թույլատրել»,-ասաց նա:
Ըստ նրա՝ տարեկան 320 հազար տոննա ցորեն է մտնում երկիր և այլ տրանսպորտային տարբերակ չկա, բացի Վրաստանից: «Թուրքիան փակ է, Իրանն ինքն է արտադրում, չի գնում, չի վաճառում, մնում է վրացական ճանապարհը, բայց դրել են, որ մաքսակետերում ոչ մի ցորեն չի լինելու, պետք է երկաթգծով տեղափոխվի»,-ասաց նա:
Գուրգեն Նիկողոսյանը նշեց, որ թեև որոշումից դժգոհ են նաև վրացական բեռնափոխադրողները, բայց նրանք, ի տարբերություն Հայաստանի, այդքան չեն տուժի, քանի որ նավահանգիստը իրենց մոտ է:
«Բաղրամյան» ալրաղացի արտադրության պետ Սայադ Գասպարյանի գնահատմամբ՝ նման որոշումը միջազգային կոնվենցիաների խախտում է: «Ո՞նց կարող են ասել՝ հացն իմ ճանապարհով մի տարեք, ճանապարհները խցանված են, զբոսաշրջիկների մուտքը խանգարում է, համաշխարհային պրակտիկայում նման բան չկա: Վրացական կառավարությունը իրանից դուրս օրենքներ է հանում, ամբողջ աշխարհում տրանզիտ մեքենաների արգելք չկա, ոնց որ Լեհաստանն արգելի իր ճանապարհով Գերմանիա բեռներ տեղափոխելը: Այդ մարդիկ իրենք իրենց որոշում են, անում, որ նավահանգստով տանեն, ինչն էլ թանկացնելու է հացահատիկի գինը, տոննայում ամենաքիչը 40-50 դոլար»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Գասպարյանը:
Նա նկատեց, որ վրացական կողմը ձեռք է բերել երկաթգիծ և նավահանգիստ ու հիմա ուզում է իր նավահանգիստն աշխատացնել:
Հարցին, թե հնարավո՞ր է երկաթգծով բերել ցորենը, բայց այնպիսի գին սահմանել, որ գնային փոփոխություն չլինի, Սայադ Գասպարյանը նշեց՝ ոչ, քանի որ ճանապարհն արհեստական երկարացվում է:
«Մենք, որ Ստավրոպոլի երկրամասից բերում ենք, հազիվ այդ գները պահում ենք, հիմա ես պետք է Ստավրոպոլից 500 կմ ուղարկեմ նավահանգիստ, որ այնտեղից բարձեն ու երկաթգծով ավելի թանկ բերեն, այն դեպքում, երբ ես միանգամից կարող եմ բերել Հայաստան, քանի որ մոտ է»,-ասաց նա:
Նա նշեց, որ օրը 40-50 մեքենա է Հայաստանին հացահատիկ ապահովում. «Օրական 1000-1200 տոննա ցորեն պետք է ներկվի, 40 մեքենան խնդի՞ր է»,-ասաց նա:
Սայադ Գասպարյանը տեղյակ է, որ ամսի 15-ից ուժի մեջ պետք է մտնի որոշումը, բայց հույս ունի, որ կչեղարկվի, քանի որ վրացական փոխադրողներն էլ ըմբոստանում են: «Հազարավոր մարդիկ են աշխատում, 5000 ընտանիք էլ Վրաստանից են տուժու,մ և դրա փոխարեն մի երկաթգիծ են ուզում բերել՝ մեկ սեփականատերով»,-ասաց նա:
«Տ.Ա.Մ.-ԳՐԵՅՆ» ՍՊԸ տնօրեն Հակոբ Ելեջյանը նույնպես պնդում է՝ եթե որոշումն ուժի մեջ մտնի, մեկ պարկ ալյուրի գինը 5-6 դոլար կթանկանա:
Նա ասաց, որ դիմել են ՀՀ կառավարությանը, որ հարցին անդրադառնան, թեև ասել են, որ որոշումն իրենցը չի: «Հիմա ասել ենք, որ ընդառաջեն, միայն մեր խնդիրը չի, բացի այն, որ հացը կթանկանա, 3000-4000 հոգի անգործ կմնա, քանի որ այդքան տեխնիկա չի աշխատելու»,-ասաց նա:










