ԱՄՆ-ն հայտ է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ ընդդեմ Ռուսաստանի

19:49 • 29.08.18

Վաշինգտոնը դիմում է գրել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ պահանջելով խորհրդակցություններ անցկացնել Ռուսաստանի հետ:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՀԿ-ի հաորդագրությանը, Վաշինգտոնի պահանջներն առնչվում են մաքսատուրքերին, որոնք Մոսկվան սահմանել է մի շարք ամերիկյան ապրանքների նկատմամբ: Խորհրդակցությունների մասին խնդրանքն առաջին քայլն է կազմակերպության շրջանակներում հայց ներկայացնելու ընթացակարգում:

ԱՄՆ-ն մատնանշում է, որ Ռուսաստանը մաքսատուրքեր չի կիրառում ԱՀԿ-ի անդամ մյուս երկրներից ներկրվող նմանօրինակ ապրանքների նկատմամբ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանն օգոստոսի հինգից նոր դրույքներ է սահմանել մի շարք ամերիկյան ապրանքների ներկրման համար առկա մաքսատուրքերին: Այդ միջոցը պատասխանն է եղել ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի ներկրման համար մաքսատուրքերի սահմանմանը: