Ովքեր հայտարարում են, որ «Մարտի 1»-ին իմ անվտանգության աշխատակիցները ժողովրդի դեմ են դուրս եկել, դրանք մեր թշնամիներն են. Գ. Ծառուկյան (տեսանյութ)

16:20 • 04.09.18

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր Երևանի ընտրություններին ԲՀԿ ավագանու ցուցակի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշեց, որ ինքը ավագանու ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք տալու մասին չի հանձնարարել, այդ մասին խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում: «Ով խոսում է ավել-պակաս, դրանք մեր թշնամիներն են, տիկին Զոհրաբյանն այդքան գումարներ չունի, որ պայմանավորվի, ո՛չ պարոն Ղազարյանը, ո՛չ էլ պարոն Աբովյանը»,-շեշտեց նա:

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ կաշառքի մասին խոսք լինել չի կարող, բացառված է: Նա ընդգծեց, որ խորհրդարանում կողմ են քվեարկելու ընտրակաշառքը քրեականացնելուն: 




Հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով Tert.am-ի հարցին՝ Գ. Ծառուկյանն ասաց, որ նա, ով հայտարարում է, որ «Մարտի 1»-ին իր անվտանգության աշխատակիցները ժողովրդի դեմ են դուրս եկել, անբարոյական ընտանիքի մարդ են:

«Ծառուկյանը թույլ չի տա, որ ժողովրդի մատը փուշ մտնի: Ինչպես կարո՞ղ եմ ես այդպիսի բան արած լինել: Ովքեր տարածել են այդ տեղեկությունը, անբարոյական ընտանիքի մարդիկ են: Դա շանտաժ է Ծառուկյանի դեմ»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:

Tert.am-ի մեկ այլ հարցին, թե բացառո՞ւմ եք որևէ կերպ «Մարտի 1»-ին Ձեր առնչությունը, ԲՀԿ ղեկավարը պատասխանեց. «Եթե Ծառուկյանը կապ ունենա «Մարտի 1»-ի հետ, թող Ծառուկյանին մասսայական հրապարակում գնդակահարեն»:

Ինչ վերաբերում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությանը, ով հայտարարել է քաղաքականություն վերադառնալու և արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին, Գագիկ Ծառուկյանը նշեց.

«Այս պահին Փաշինյանի հետ եմ համագործակցում: Ես այսօր իմ գործընկերների հետ եմ, մենք համագործակցում ենք, աշխատում ենք, մեր հարաբերությունները շատ լավ են, շատ ջերմ են: Մենք ուզում ենք մեր ծրագրերն իրականություն դարձնել: Մենք ուզում ենք մեր ժողովրդի սպասելիքը, այն, ինչի համար պայքարել ենք, իրականություն դարձնենք: Ես այն մարդը չեմ, ում հետ կարող է համագործակցության առաջարկ լինել»,- հայտարարեց նա:

«Մարտի 1»-ի գործի վերաբերյալ հարցերին Գ. Ծառուկյանը չպատասխանեց՝ նշելով, որ հարցն իրավական դաշտում է. «Ես այսօր իրավական հարցերին իրավունք չունեմ պատասխանելու»: